Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները որոշեցին հսկողության տակ առնել Ֆրանսիայի հրապարակը, վաղն էլ՝ ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցել

Ապրիլ 13,2018 20:40

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երեւանի պետական համալսարանի միջադեպին. «Դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է մեր վճռականությանը, հիմա ասեք: Մեր առաջ փորձեցին փակել: Նախորդ օրը իրազեկում իրականացնող Շահեն Հարությունյանի վրա էին հարձակվել ԵՊՀ-ում, հաթաթաներ տվել: Ես ասել եմ՝ բացառվում է որեւէ քաղաքացու նկատմամբ որեւէ գործողություն մնա անպատասխան: Եվ մենք այսօր բացեցինք փակ դռները, մուտք գործեցինք ԵՊՀ եւ ռեկտորը փակվեց սենյակում, ասեց՝ էս համալսարանի տղամարդը ես եմ՝ սեղանի տակից դուրս չեմ գա»:

Փաշինյանն ասաց, որ Շանթ Հարությունյանն, ի պաշտպանություն իրենց, այսօրվանից «Վարդաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է սկսել: Փոխարենը՝ հացադուլը դադարեցրել է Արամ Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ առաջիկա անելիքներին եւ ասաց, որ չպետք է թույլ տան Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը. «Նա Երեւան քաղաքում իրեն պետք է զգա պաշարված. կլինի դա սեփականաշնորհված մեր առանձնատանը, կլինի ՀՀԿ գրասենյակում, թե ԱԺ-ում: Մենք պետք է թույլ չտանք, որ ապրիլի 17-ին ԱԺ-ն իրականացնի քվեարկություն: Որտեղ էլ այդ նիստը կայանա՝ ԱԺ-ում, թե որեւէ այլ տեղ, մենք պետք է գնանք շրջափակենք եւ թույլ չտանք Սերժ Սարգսյանին մտնել այդ տարածք: Բայց պետք է այս ընթացքում բացառենք բռնության որեւէ գործադրում: Մեր սկզբունքը անշեղորեն պետք է լինի ոչ բռնի պայքարը: Պետք է բացառենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլեւ՝ հակագործողություն: Սերժ Սարգսյանը հաղթում է միայն այն ժամանակ, երբ կարողանում է մեզ ու ոստիկաններին թշնամացնել իրար հետ: Մենք ոստիկաններին չենք վնասելու ոչ ֆիզիկապես, ոչ բարոյապես: Շարժման որեւէ մասնակից իրավունք չունի հայհոյել որեւէ ոստիկանի, իրավունք չունի վիրավորել: Մենք չպետք է մոռանանք, թե ում դեմ ենք պայքարում, չենք եկել ոստիկանական սերժանտների դեմ պայքարելու»:

Ամեն դեպքում, Փաշինյանը նշեց, որ ոստիկանները նույնքան բարեհաճ չեն լինի, սկզբում անեն դեպքում կփորձեն կատարել իրենց ցրելու, բռնություն կիրառելու հրամանները. «Նախ, պետք է այնպես անենք, որ ոստիկանությունը բռնություն չգործադրի: Անընդհատ բերում են «Էլեկտրիկ Երեւանի», Մարտի 1-ի օրինակը: Ոստիկանությունը բռնություն կիրառում է այն ժամանակ, երբ ցերեկվա 15 հազարանոց հրապարակից գիշերը մնում են 200-300 հոգի»:

Նա ասաց, որ կարող է բռնությունը բացառել, եթե այսօր հավաքված մարդիկ ընդհանրապես չհեռանան հրապարակներից ու փողոցներից. «Ես ինքս տուն չեմ գնալու այնքան ժամանակ, մինչեւ չլինի որեւէ հանգուցալուծում: Ես ոչ մի վայրկյան չեմ լքելու ձեզ, լինելու եմ ձեր կողքին ու խնդրում եմ, դուք էլ եղեք մեր կողքին»:

Եթե, ամեն դեպքում ոստիկանների կողմից հարձակում լինի, Փաշինյանը խորհուրդ տվեց խմբվել ու պասիվ դիմադրություն ցույց տալ. «Գալիս են մեզ ցրելու, մենք չենք ցրվում՝ ուս ուսի տված, ոտք ոտքի տված, մեջք մեջքի տված կանգնում ենք ու իրենք մեր աչքերի մեջ պետք է տեսնեն Սերժ Սարգսյանի պարտությունը»:

Նա ասաց, որ շուրջօրյա ճկուն գործողությունների են անցնելու: Վաղը գնալու են ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցելու, որտեղ Սերժ Սարգսյանին առաջադրելու են՝ որպես վարչապետի թեկնածու:

Փաշինյանն առաջարկեց, որ հիմա հավաքվածները երթով շարժվեն եւ իրենց հսկողության տակ առնեն Ֆրանսիայի հրապարակը: Երթի ժամանակ նրանց առաջը կանգնեց Վալերի Օսիպյանը:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30