Ազատության հրապարակում հանրահավաքը շարունակվում է: Նիկոլ Փաշինյանը քննադատություններից հետո անցավ խոստումներին: Նա ասաց, որ բանկերը, օգտվելով մարդկանց անելանելի վիճակից ու գրագիտության պակասից, անտանելի բեռ են բեռում մարդկանց վրա, վարկի 30 տոկոսը գերավճար են անում. «Հայաստանի նոր իշխանությունը պետք է ների գյուղատնտեսության եւ սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները, ժողովուրդ, ուրիշ կերպ հնարավոր չէ: Այդ ընթացքում բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ պետք է բանակցել՝ նրանց խելամիտ փոխհատուցում տալու հարցում»:
Նա խոստացավ նաեւ արագաչափերի տուգանքները զրոյացնել. «Դրանք չեն ավելացնում երթեւեկության անվտանգությունը, ընդամենը ստիպում են կարոտով հիշել թփերի տաք թաքնված խեղճուկրակ գայիշնիկներին: Մի ժամանակ ես ասել եմ, որ ՀՀ-ում բանանի մենաշնորհը կոտրելու համար 45 րոպե է հարկավոր է, հիմա ասում եմ՝ ՀՀ-ում շաքարավազի մենաշնորհը կոտրելու համար 15 րոպե է հարկավոր: Պետք է ընդամենը զանգահարել Հայաստանում «Քարֆուր» ընկերությանն ու ասել՝ քո վրա դրված արգելքը հանված է»:
Ազատության հրապարակում գոռում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի»:
Փաշինյանը խոսեց նաեւ ռազմարդյունաբերական համալիրից՝ ասելով, որ չի զարգանում, որովհետեւ զենքի առեւտրի մեջ միլիարդավոր դոլարների «ատկատ» կա, կոռուպցիա կա. «Նաեւ այդտեղ են տանուլ տվել մեր անվտանգությունը»:
Էներգետիկ համակարգի մասին խոսելիս՝ Փաշինյանը հիշեցրեց, որ 3 տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացրեցին՝ ասելով, որ 24 մլրդ-ի ճեղք է գոյացել. «Այդ ճեղքը վաղուց փակվել է, բայց ոչ ոք չի մտածում հոսանքի գներն իջեցնելու մասին: Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է առնվազն 20 տոկոսով իջնեն, բյուջեի եկամտային մասը 30 տոկոսով պետք է շատ արագ ավելանա, որ կարողանանք այս սոցիալական աղետի առաջն առնենք: Թոշակները, աշխատավարձերը ի հեճուկս 21 տոկոսանոց գնաճի, չեն բարձրացվել ու սա պետական քաղաքականություն է՝ ՀՀ ժողովրդին մատնել թշվառության, որ նրա հետ անեն այն, ինչ ուզում են: Բայց մենք թույլ չե՛նք տալու: ՀՀ քաղաքացին մերժելու է ՀՀԿ-ին ու ի վերջո հաղթելու է»:
Ելույթում Փաշինյանը հայտարարեց, որ համերաշխության ձեռք է մեկնում բոլոր այն ընդդիմադիրներին, որոնք պայքարել են Սերժ Սարգսյանի եւ նրա ապօրինի իշխանության դեմ. «Մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել, շատ վիճել ենք, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք նաեւ իրար, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ հանուն մեր ժողովրդի մենք ի վերջո հավաքվենք Ազատության հրապարակում եւ ներենք իրար ամեն ինչի համար»:
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները բռունցքները վեր պահած՝ գոռում են՝ «Մի-ա-ցում»:
Փաշինյանը ուղերձ հղեց նաեւ «Ելք» դաշինքի գործընկեր կուսակցություններին՝ «Լուսավոր Հայաստանին» եւ «Հանրապետություն» կուսակցությանը՝ ասելով, որ Ազատության հրապարակը լեփ-լեցուն է եւ ուզում ենք ձեզ տեսնել մեր կողքին. «Ես գիտեմ, որ կան բազմաթիվ պրետենզիաներ, վերապահումներ՝ տարբեր մարդկանց, քաղաքական գործիչների նկատմամբ: ՀՀ-ում չկա որեւէ քաղաքական գործիչ, որի մասին հնարավոր չլինի ասել բազմաթիվ սխալներ, բայց մենք չպետք է մոռանանք ամենակարեւորը՝ մենք ծառայում ենք ժողովրդին ու ես ուզում եմ կոչով դիմել ժողովրդին՝ որեւէ մեկնաբանությամբ չխոչընդոտել Հայաստանի քաղաքական գործիչների միավորմանը, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը պահանջում է համախմբվել եւ իրեն ազատել Սերժ Սարգսյանից եւ իրեն կեղեքող իշխանությունից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ