Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտական հենակետերից ոչ մեկում գիշերային նշանոցով մի հատիկ ավտոմատ չի եղել». Փաշինյանը՝ բանակի մասին. (Ֆոտոշարք)

Ապրիլ 13,2018 19:55

Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքն է:
Նա իր ելույթում անդրադառնալով Սերժ Սարգսյանի անփոխարինելությանը, որի մասին անընդհատ խոսում են ՀՀԿ-ականները՝ ասաց. «Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը անվտանգության ոլորտի ամենաձախողված պաշտոնյան է երրորդ հանրապետության պատմության մեջ»:

Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը, ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելով՝ ժառանգություն ստացավ տարածաշրջանի ամենաուժեղ բանակը, մինչդեռ 7 տարի լինելով ՊՆ նախարար, մեկ տարի՝ վարչապետ, 10 տարի ֆորմալ գերագույն գլխավոր հրամանատար, այս ընթացքում նա տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանի հետ:

Նա Ադրբեջանի ժամանակակից զինտեխնիկային հակադրել է 80-ականների 4-րդ ռեմոնտն անցած կալաշնիկներով զինված պատանիների անձնազոհությունը, հայ-ադրբեջանական շփման գիծը քայլ առ քայլ վերածվել է ավերակների: Այն ժամանակ, երբ Ադրբեջանը առաջնագիծը հագեցնում էր գերժամանակակից զենքերով, Սերժ Սարգսյանը առաջնագծում կանգնած հայ զինվորին զինում էր կանսերվի բանկաներով ու Երեւանից ուղարկված թափառական շներով: 2016-ի ապրիլից հետո առաջնագծում կամերաներ են դրել եւ այլն, բայց դա արվել է ոչ թե պետական փողերով, այլ անհատ մարդկանց՝ քաղաքացիների նվիրատվությունով: Հետո տեղադրված տեխնիկական միջոցները արդեն իսկ հնացած են Ադրբեջանի կողմից օգտագործվողների համեմատ:

Ես սա ասում եմ պատասխանատու: Այն  ժամանակ, երբ մենք սյուների վրա հետախուզման սարքեր ենք տեղադրել հենց առաջնագծում, Ադրբեջանն այդ ժամանակ արդեն օդապարիկներ է պահում մեր սահմանի ողջ երկայնքով, որոնք 3 քայլ առաջ են Սերժ Սարգսյանի տեղադրած սարքերից: Դուք պատկերացնո՞ւմ եք էդ ա անվտանգության ոլորտի անփոխարինելի մարդու օրոք՝ 2016-ի ապրիլի դրությամբ՝ 21-րդ դարի ապրիլին, հայ-ադրբեջանական սահմանին մարտական հենակետերից ոչ մեկում, պատասխանատու ասում եմ՝ գիշերային նշանոցով մի հատիկ ավտոմատ չի եղել, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, մի՛ հատիկ, երբ հակառակորդը զինված է եղել համատարած գիշերային սարքերով ու գիշերային նշանոցով ավտոմատներով: Էս ա քո անփոխարինելիությունը, Սերժ Սարգսյան, դու քանդել ես մեր առաջնագիծը, քանդել ես մեր անվտանգությունը, քանդել ես մեր հայրենիքը»:

Նա ասաց, որ չի ուզում շատ մանրամասներ ասել Սերժ Սարգսյանի ստեղծած առաջնագծից հասկանալի պատճառներով, բայց բա՛վ է արդեն լռության մատնեն զինվորների վիճակը, որոնք թալանչիների գերության կարգավիճակում են հայտնվել. «Մինչեւ այսօր մեր առաջնագծի զինվորի մայկա-տրուսիկի հարցը հոգում են նրա չքավոր ծնողները, որոնք ճռռում են տոկոսների ու վարկերի տակ»:

Փաշինյանը նաեւ նշեց, որ ՀՀ-ում ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ գործող իշխանությունը պաշտոնական արդյունքներով չի պարտվել ժողովրդին: Ժողովուրդը պիտի համոզված լինի, որ որեւէ մեկը իշխանության պիտի գա միայն ընտրությունների միջոցով. «Մենք պետք է այնպիսի փոփոխություն իրականացնենք, որ ընտրությունների արդյունքներն այլեւս որեւէ մեկի մոտ կասկած կչհարուցեն, սա՛ պետք է լինի մեր համակարգային փոփոխությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30