«Ինքը վերջերս չափից ավելի խելոք է դարձել, դրա համար չեմ մեկնաբանի նրան»,- «Ելք» դաշինքից Արամ Սարգսյանի մասին նման կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով «Ազատությանը» տված հարցազրույցում նրա արտահայտած հետեւյալ տեսակետին. «Եթե հանրությանը հետաքրքիր է, որ մենք գնանք, երկու օր միտինգ անենք, կանգնենք նախագահականի դիմաց ու ասենք՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր», ու դրանից հետո նա հեռանալու է, դա այդքան հեշտ ու պարզունակ չէ… իր անցած ճանապարհից խելոք մարդը պետք է անի հետևություններ»:
Անդրադառնալով Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանի քաղաքական դաշտում մրցակցությունն այնքան մեծ է, որ այդ դաշտում դուրս մնացածներն անցածին ասում են՝ ծախված ու դավաճան՝ մոռանալով, որ դա տարածվում է ամբողջ ընդդիմության վրա», պարոն Մակեյանն ասաց, որ նման որակումներ իրեն երբեք չի վերագրում. «Դրա համար էլ չեմ մեկնաբանում, ովքեր իրենց վերագրում են, թող մեկնաբանեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ