Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը ժողովրդից ներողություն խնդրեց՝ մաֆիայի դեմ նրան հաճախ մենակ թողնելու համար. «Սա ազատագրության ժա՛մ է»

Ապրիլ 13,2018 19:22

Այսօրվանից Ազատության հրապարակում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը, որը կշարունակվի մինչեւ ապրիլի 17-ը:

Նիկոլ Փաշինյանին են միացել «Հանուն Հայաստան պետության ճակատը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը: Ազատության հրապարակը բավականին բազմամարդ է:

Փաշինյանն իր ելույթում ասաց, որ մարտի 31-ին Գյումրիից սկսել են իրենք քայլարշավը եւ 14 օրվա ընթացքում շուրջ 320 հազար քայլ են արել՝ հասնելով Ազատության հրապարակ. «Սա արշավ է՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի, սա արշավ է՝ հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի, ընդդեմ հուսահատության, հանուն արժանապատվության, սա արշավ է՝ ընդդեմ արտագաղթի եւ արշավ է՝ հանուն նոր կյանքի»:

Նա ասաց, որ 14 օրերի ընթացքում տեսել են «կիսավեր ու կիսադատարկ գյուղեր, լքված ու չմշակվող վարելահողեր, աղբի մեջ կորած բնապատկերներ, ավերակ ճանապարհներ, տոկոսի տակ ճռռացող ժողովուրդ, երեխաներին ու երիտասարդությանը կեղեքող գազալցակայան, կազինոներ եւ ժողովրդին շրջանում տիրող համատարած, լիարժեք, անմնացորդ զզվանք եւ ատելություն՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի նկատմամբ: Մարդիկ մեզ խնդրում, աղաչում, պաղատում էին Հայաստանն ազատել Սերժ Սարգսյանի կեղեքիչ իշխանությունից»:

Նա անդրադարձավ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքին, որ ժողովուրդն իրենց վստահության քվե է տվել: Հավաքվածները Շարմազանովի անունը լսելուն պես սկսեցին որպես բողոք սուլել:

Փաշինյանի խոսքով՝ «Ժողովրդի այս համատարած ատելությունն ու ընտրությունների պաշտոնական արդյունքները բացատրության կարիք ունեն: Մեր երկրում, ուր Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի նկատմամբ համատարած զզվանք կա, ինչպես է հաջողվում ՀՀԿ-ի օգտին 100 հազարավոր ձայն գրանցել: Որովհետեւ ՀՀ ժողովուրդը բառիս բուն իմաստով գերեվարված է Սերժ Սարգսյանի եւ նրա կողմից ղեկավարվող մաֆիոզ իշխանության կողմից: Նույնիսկ ամենաընդդիմադիր տրամադրված քաղաքական գործիչներս, փաստորեն չենք կարողացել գնահատել մեր ժողովրդին անպաշտպանության եւ գերության իրական մակարդակը, որովհետեւ ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունների արդյունքներին մենք պարտավոր ենք վերաբերվել այնպես, ինչպես պատեհ է վերաբերվել նացիստական համակենտրոնացման ճամբարներում քվեարկությանը: Այսօր ժողովուրդը մի բանի կարիք ունի՝ ՀՀԿ-ի մաֆիոզ իշխանությունից ազատագրվելու կարիք՝ ամենակարեւորը: Սրանում մենք համոզվեցինք մեր 14-օրյա քայլարշավի ընթացքում»:

Նա ներողություն խնդրեց ՀՀ ժողովրդից, որ օբյեկտիվորեն չեն կարողացել գնահատել ժողովրդի գերեվարության աստիճանը ու նրան մենակ են թողել հաճախ ՝ մաֆիայի առաջ. «Հիմա մենք անմնացորդ նվիրված ենք Հայաստանին ժողովրդի ազատագրմանը, այո՛ սա Հայաստանի ժողովրդի ազատագրության ժա՛մ է: Հիմա մենք ժողովրդից ակնկալում ենք, որ նա դուրս կգա փողոց, կհեղեղեի Երեւանի, ՀՀ բոլոր քաղաքների, գյուղերի հրապարակները»:

Նա ժողովրդին կոչ արեց դուրս գալ՝ վստահեցնելով, որ կհասցնեն պայքարը հաղթական ավարտին:

Ազատության հրապարակում վանկարկում են՝ հաղ-թա-նա՛կ:

Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին իրենց նպատակը միայն Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կասեցնելը չէ: Նպատակը միայն ՀՀԿ-ին իշխանությունից զրկելը չէ, այլեւ Հայաստանի ժողովրդի ազատագրումը եւ Հայաստանի քաղաքացու տրիումֆը՝ որպես ինքնիշխան պետության ինքնիշխան քաղաքացի; Սա՛ է մեր նպատակը: Դրա համար ասում ենք՝ սիրելի՛ հայաստանցի, քա՛յլ արա, մերժիր Սերժին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30