Բարձրաստիճան պաշտոնատար անձինք արդեն սկսել են իրենց կարողությունները ներկայացնել էթիկայի հանձնաժողով: Այս պաշտոնյանների մի մասը այս տարի դեռ չի ներկայացրել գույքային եւ դրամական միջոցները:
Օրինակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այս տարվա իր կարողությունները էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել, մինչդեռ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ դեռ փետրվար ամսին են իրեն հարստությունը բացահայտել:
Ուշագրավ է, որ Կոստանյանը 2017-ին, երբ ՀՀ նախագահի խորհրդականն էր, այդ տարում հայտարարագրել է 0 դրամական միջոցներ եւ ոչ մի լումա որպես եկամուտ: 2017-ին նրա ունեցած շարժական գույքի մասին էլ տվյալներ չկան: Դժվար է հավատալ, որ Կոստանյանը գոնե միջին գնանոց մի մեքենա չունենա:
Իսկ ահա 2016-ին, երբ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարագրել էր 85 միլիոն դրամական միջոցներ, 12,1 միլիոն էլ՝ որպես աշխատավարձից ստացած եկամուտ: Այս պաշտոնյան այդ տարի էլ շարժական գույքի մասին որեւէ տվյալ չի ներկայացրել: Կոստանյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները տարին տարվա վրա արագորեն աճում են:
Օրինակ դեռ 2011 թվականին, երբ նա զինվորական դատախազ էր եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, հարկային տարվա սկզբում «ուներ» ընդամենը 200 հազար դրամ, տարվա վերջում արդեն հայտարարագրել էր 25 միլիոն դրամ, իսկ դոլարով տարվա սկզբում 5000 դոլարն ինչպես կար՝ այդպես էլ մնաց մինչեւ տարեվերջ:
Նույն 2011 թվականին, ըստ Կոստանյանի հայտարարագրի, որպես աշխատավարձի վարձատրություն հայտարարագրել էր 393 հազար դրամ, մի առանձին գումար էլ՝ 3,5 միլիոն դրամ որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, ու մի խոշոր նվիրատվություն՝35 միլիոն դրամ:
2012 թվականի սկզբին այս պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 25 միլիոն դրամ, 5 հազար դոլար եւ 5 հազար ֆունտ ստեռլինգ, որը տարվա վերջում այլեւս չկար, իսկ դրամական միջոցները մի փոքր, ընդամենը 2 միլիոն դրամով են պակասել: 2012-ին Կոստանյանի Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 3,5 միլիոն դրամ, գույքն օտարելուց ստացված եկամուտները կազմել են 23 միլիոն դրամ, նա վաճառել էր TOYOTA CRUISER PRADO եւ LEXUS GX 470 ավտոմեքենաները:
2013-ին, դատելով Կոստանյանի հայտարարագրից, գործերն էլ ավելի են լավանում: 2013-ին՝ պաշտոնը ստանձնելու տարվա սկզբում, նրա դրամական միջոցները 80 միլիոն դրամ են դարձել, հիշեցնեմ, սրան նախորդող տարում 23 միլիոն էր: Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներն ու գույքն օտարելուց ստացված եկամուտները միասին կազմել են 91,4 միլիոն դրամ:
Գեւորգ Կոստանյանն ահագին գույք է գնել-վաճառել. 22 միլիոն դրամի բնակարան է գնել, 2 բնակարան էլ ՝ 34 եւ 48 միլիոն դրամ արժեքով վաճառել է: 2014 եւ 2015 թվականներին Կոստանյանի դրամական միջոցները գրեթե անփոփոխ են՝ 82 եւ 85 միլիոն դրամ, աշխատավարձի եկամուտն էլ՝ 13,8 միլիոն դրամ:
Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի եկամուտներն էր արագ կրկնապատկվել են ամուսնու պաշտոնը ստանձնելու տարվանից: 2011-ին, երբ Գեւորգ Կոստանյանը զինվորական դատախազ էր, Լիլիթ Կոստանյանի դրամական եկամուտները տարվա սկզբին կազմել են 2 միլիոն դրամ, տարեվերջում՝ 4 միլիոն դրամ, դոլարով՝ տարվա սկզբում 70 հազար դոլար, տարվա վերջում՝ 155 հազար դոլար: 2015-ին Լիլիթ Կոստանյանի դոլարային միջոցներն, ըստ հայտարարագրի 200 հազար են կազմել, դրամականը՝ 3 միլիոն: Անշարժ եւ շարժական գույքի առուվաճառքի մասին տվյալներ չեն ներկայացրել, փոխառությունների մասին՝ նույնպես:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ