Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարուժան Ավետիսյանն իր կյանքն է գրավ դրել». Ազատ Արշակյանը՝ հրապարակում պայքարողներին

Ապրիլ 13,2018 19:03

«Ընդդիմախոսների մեջ կան մարդիկ, ովքեր գտել են, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԵԼՔ-ը արդարացիորեն զբաղեցրել են իրենց տեղը Ազգային ժողովում, իրենք շնորհավորել են հաջող ընտրությունների կապակցությամբ, ԱԺ ընտրությունների արդյունքները ճանաչել են, հիմա չե՞ն ճանաչում այդ ուժի՝ իշխանություն ձեւավորելու իրավունքը»,- «Հայելի» մամուլի ակումբում խոսելով ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրության ընթացող ակցիաներից, ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ քար նետելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության ուղղությամբ: Հիշեցնում է՝ ժամանակին ՀՀՇ-ն իր «պոլի փետին» էր նշանակում պաշտոնների, հիմա՝ ՀՀԿ-ն ում ուզենա՝ կնշանակի վարչապետ:

«Եթե փոշմանել են, ուրեմն պետք է հայտարարեն, որ այն ժամանակ սխալվել են»,- ասաց Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ստորագրահավաքներով ետ կանչել պատգամավորներին, Սահմանադրությունը չեղարկել, փոփոխություններ անել եւ այլն: Կարծում է՝ շատերը ծանոթ չեն իրենց իրավունքներին:

Եթե ընթացող ցույցերի նպատակը միջոցառում անցկացնելն է, ապա, ըստ Ազատ Արշակյանի՝ հաջողված դեկլարատիվ միջոցառում է, բայց եթե նպատակ կա ՀՀԿ-ին պաշտոնանկ անել, ԱԺ-ն ցրել՝ դա չի հայտարարվել: «Չկա գրավը: Վարուժան Ավետիսյանը գրավ է դրել իր կյանքը՝ իր գործի համար, անկախ նրանից համաձայն ենք իր գործի հետ, թե՝ ոչ: Այս մարդիկ, ովքեր հրապարակ կամ փողոց են դուրս գալիս՝ ոչինչ գրավ չեն դնում: Ձախողման դեպքում ի՞նչ են կորցնելու իրենք՝ բոլոր նրանք, ովքեր ասում են՝ ոչ ՀՀԿ-ի ընտրյալին»,- հարցնում է Ազատ Արշակյանը:

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն էլ նկատում է՝ մեր ընդդիմությունը նպատակային խնդիրներ չունի, միայն իշխանության գալն է ու հենց դրա համար է, որ ընդդիմությանը չեն վստահում: Ասում է՝ դա շատ վատ է, նաեւ իշխանության համար: Բացասական է համարում նաեւ, որ թողած հիմնական խնդիրները ընդդիմադիրները միմյանց են քննադատում: «Հիմա շատ հարցեր թողած՝ հանրահավաք են անում՝ Սերժ Սարգսյանը չպիտի լինի վարչապետ: Ձեր ի՞նչ գործն է, ՀՀԿ-ն է հաղթել, ՀՀԿ-ն պետք է որոշի՝ ում դնի վարչապետ»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30