Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ գրաված տարածքը դուք հանձնել եք». Ազատ Արշակյանը՝ Լեռնիկ Ալեքսանյանին

Ապրիլ 13,2018 18:30

Թեժ բանավեճ նախկին պատգամավորների միջեւ

 

-Իմ գրաված տարածքը դուք հանձնել եք:

-Այդ ժամանակահատվածում մենք պահել ենք եղածը…

-Լավ չեք պահել, գողացել են, տարել են 800 հեկտարը:

-Դա ճիշտ գնահատական չի: Շատ երկրներ այսօր կորցրեցին՝ Վրաստանը կորցրեց Աբխազիան… մենք մեր տղաների կյանքի գնով, մեր բանակով…

– Հիմա լա՞վ է, որ կորցրեցինք 800 հեկտարը, ես ասում եմ՝ վատ է:

-Լավի ու վատի խնդիրը չի, կարող էր ավելի շատ հանձնվել:

-Իհարկե, կարող էր, չկարողացաք, էդքան բաշարեցիք: Ուժներդ չպատեց շատ հանձնեիք, բանակը չհամաձայնվեց:

-Ես բացարձակ համամիտ չեմ ձեր գնահատականների հետ: Դա լուրջ հերոսամարտ էր եւ դրա գնահատականն այդ կերպ տալը՝ ճիշտ չեմ համարում:

 

Այս երկխոսությունն այսօր «Հայելի» մամուլի ակումբում ընթացավ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի եւ նախկին պատգամավոր, իշխող ՀՀԿ-ի խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանի միջեւ:

Լեռնիկ Ալեքսանյանը հիմնավորում էր ՀՀԿ-ի որոշումը՝ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին: Նա սին է համարում կարծիքները, որ ՀՀԿ-ում չկան մարդիկ, կադրեր: Համաձայն էլ չի, որ Սահմանադրական փոփոխությունները երկրի նախագահի վերարտադրման համար էին: Ասում է՝ ավելի կարճ եւ փափուկ ճանապարհներ կային:

«Գործ է սկսվել, նաեւ Սերժ Սարգսյանի անձնական պատասխանատվությամբ, համակարգ է փոխվում: Այստեղ նաեւ պատասխանատվության խնդիր է»,- ասում է իշխող ուժի ներկայացուցիչը՝ հավելելով, որ գնահատականը պետք է տալ առ ժամանակ հետո եւ համեմատության մեջ: Հավելում է՝ ՀՀԿ-ի արած դրականը նաեւ հասարակության մեջ են տեսնում, ովքեր վատատես չեն, նաեւ միջազգային կառույցները: Բայց նաեւ բնական է համարում, որ ընդդիմադիրները բացասականն են տեսնում: Ինքն էլ իբրեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչ չի ասում, որ ամեն ինչ լավ է. «Բացթողումները լուծվելու են, դրա համար են նաեւ համակարգային ու կադրային փոփոխությունները»:

Ազատ Արշակյանը պնդեց իր տեսակետը՝ «մենք գրավել էինք, 20 տարի պահել էինք, դուք հանձնեցիք: Երբ ՀՀԿ-ն 4 պատգամավոր ուներ մենք գրավում էինք, իսկ երբ դուք 400-ն ունեցաք՝ հանձնում ենք»: «Հարցադրման մեջ պրովոկացիոն բան եմ տեսնում: Այն ժամանակ գրավելով անվտանգության գոտին էինք ապահովում: Ղարաբաղի հարցը եկեք չշահարկենք»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: «Անվտանգության գոտին դուք եվրոպաներում կասեք: Դուք լի էիք կորցնում, գնացինք կանգնեցինք՝ չթողեցինք»,- շարունակեց հակադրվել Ազատ Արշակյանը:

Հետո բանավեճն անցավ ԵԱՏՄ-ին. Լեռնիկ Ալեքսանյանը համամիտ չէ Ազատ Արշակյանի հետ, որ դա հետադիմություն էր եւ մենք ֆեոդալիզմ գնացինք: Ազատ Արշակյանի դիտարկմանը՝ Նազարբաեւը, Լուկաշենկոն, Պուտինը ֆեոդալներ են, հարցով հակադարձեց՝ մենք ի՞նչ ենք, եվրոպացի՞ ենք:

«Եվրոպացի ենք՝ ձեզ հանած: ՀՀ-ից հանած ՀՀԿ ղեկավարությանը՝ Հայաստանը առաջադեմ, ժողովրդավարություն սիրող երկիր է»,- ասաց Ազատ Արշակյանը:

Լեռնիկ Ալեքսանյանն առաջարկեց՝ տարբերել պետությունը՝ հասարակությունից ու ասաց, որ պետություն ենք ունեցել, նոր ենք սովորում: «20 տարի շատ լավ պահում էինք, հենց դուք եկաք՝ սկսվեց»,- իր կարծիքը պնդեց Ազատ Արշակյանը:

Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ մենք լավ հայր, լավ զինվոր կարող է լինեք, բայց վատ քաղաքացի ենք: Ասում է՝ կոռուպցիայի մասին ենք խոսում, բայց ավտոտեսուչների ու վարորդի դասական դարձած խոսակցությունն է հիշեցնում: Հակադարձելով այն թեզին, որ եթե ԵԱՏՄ-ում չլինեինք ապրիլյան պատերազմում 800 հեկտար հող չէինք կորցնի, Լեռնիկ Ալեքսանյանը բերեց Վրաստանի օրինակը, որն ընտրեց ԵՄ-ն եւ ամբողջ Աբխազիան ու Օսեթիան կորցրեց:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30