Ապրիլի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Բացման խոսքով հանդես եկավ Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ նախարարը կարևորեց սոցիալական, առողջապահական, կրթական և այլ հարցերի լուծման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը, աջակցությունը սիրիահայ գործարարներին:
Սիրիահայերի տնտեսական ինտեգրման և նրանց բիզնեսի կայացմանն ուղղված ծրագրերի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը: Նա ներկայացրեց սիրիահայ գործարարներին տրամադրված աջակցության ծրագրերը, նշեց առաջիկա անելիքները:
Սիրիահայերի բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին զեկուցեց ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը: Նա նշեց, որ 2017թ.-ին պետպատվերով հիվանդանոցային մասնագիտացված բուժում է ստացել 412, հատուկ և դժվարամատչելի հետազոտության է ենթարկվել 98 սիրիահայ: Այսօրվա դրությամբ Հայաստանի պետռեգիստրում գրանցված է 94 սիրիահայ բուժաշխատող: Զեկուցողը շեշտեց, որ սիրիահայ բժիշկներն առանձնանում են բարձր մասնագիտական պատրաստվածությամբ:
Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանը: Նա նշեց, որ սիրիական պատերազմի հետևանքում Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի բժշկական աջակցության ծրագրերն իրականացվել են Իզմիրլյան հիմնադրամի և Մայր Աթոռի համաֆինանսավորմամբ և գործընկեր կազմակերպությունների՝ Սփյուռքի նախարարության, ՀԲԸՄ հիմնադրամի, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հասարակական կազմակերպությունների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության աջակցությամբ:
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ծրագրի ղեկավար Սոֆի Ներսիսյանը զեկուցեց սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող միջոցառումների մասին՝ նշելով, որ ծրագրերի շրջանակներում սիրիահայ դպրոցականների և երիտասարդների ինտեգրման նպատակով անցկացվել են դասապատրաստումներ, մասնագիտական ուսուցում, կազմակերպվել են սոցիալ-մշակութային միջոցառումներ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և IDeA հիմնադրամի օգնությամբ 2017 թվականի ընթացքում՝ ըստ կարիքի գնահատման, 300-ից ավելի սիրիահայ ընտանիքների տրամադրվել են բնակվարձեր: Ծրագիրը տրամադրում է նաև իրավաբանական խորհրդատվություն: Սոֆի Ներսիսյանը նշեց, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ծրագիրն ունի մի շարք գործընկերներ՝ ի դեմս Սփյուռքի նախարարության:
Ամփոփելով նիստը՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի ինտեգրմանն ուղղված տնտեսական, առողջապահական, կրթական և սոցիալական ծրագրերի շարունակականությունը: Նա շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին՝ կատարած աշխատանքների համար և շեշտեց, որ սիրիահայերին աջակցություն ցուցաբերելիս նախևառաջ պետք է փորձել լուծել նրանց բնակարանային խնդիրները: «Հայաստանում այսօր ապրում է 18-20 հազար սիրիահայ: Նրանց ինտեգրումը շարունակվում է: Ուրախությամբ պիտի նշեմ, որ ապրիլի 4-5-ը հերթական անգամ կազմակերպվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» տոնավաճառ-ցուցահանդեսը Կարապի լճի հարակից տարածքում, և մեր սիրիահայ հայրենակիցները շատ գոհ էին: Մենք պիտի շարունակենք աշխատել, շարունակենք օգնել սիրիահայերին, փորձենք գտնել նոր գործընկերներ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բացի վերեւ նշուած մի քանի համեստ մարմիններից, Սփիւռքի աւելի ծանրակշիռ կազմակերպութիւնները մասնակցո՞ւմ են այս աշխատանքներին, թէ ոչ, ձեռնածալ, ամբողջ բեռը թողած են Պետութեան վրայ
Սփիւռքեան կազմեր հազարաւոր սիրիահայեր առին, տարին օտար ափեր, փոխանակ օգնելու որ Մայր Հայրենիք գնան… ի դէպ, այս երկիրները ապաստանած սիրիհայերը բոլորն ալ փերուշան վիճակում են… մարդավարի գործ չկայ, ունեցած դրամնին արագօրէն հալում է, լեզուական – եւ ընդհանրապէս մշակութային յարմարումի – խնդիրներ ունին, երեխաները ենթարկուած են օտարանալու սուր վտանգին…
Գոնէ Հայոց Պետութիւնը մի բան անում է, նաեւ այս ոլորտում…