1990 թվականին ծնունդների թիվը ՀՀ-ում եղել է 80 հազար 39, որից 2687-ը ծնվել են կեսարյան հատումով: 2017 թվականին ծնվել է 37 հազար 841 երեխա, որից 11 հազար 539-ը՝ կեսարյան հատումով: Այսպիսի տվյալներ է հրապարակել Վերահսկիչ պալատը (ՎՊ), որը ստուգել է, թե առողջապահության նախարարությունն ինչպես է օգտագործել 2017 թվականին պետական բյուջեից հատկացված միջոցները: Այսինքն՝ ըստ ՎՊ-ի, եթե 90-ականներին կեսարյան հատումները կազմում էին ծնունդների 3,4 %-ը, ապա այսօր՝ 30%-ը:
Այդ առիթով Վերահսկիչ պալատը իր հրապարակած հաշվետվությունում մտահոգություն է հայտնում, որ մեր երկրում ծնունդների ընդհանուր թվի մեջ կեսարյան հատումներով կատարված ծննդաբերությունների տոկոսը տարեցտարի ավելանում է եւ վերջին տարիներին նույնիսկ սկսել է գերազանցել որոշ ԱՊՀ եւ եվրոպական երկրների ցուցանիշները:
Նկատենք, որ կեսարյան հատումով ծննդաբերությունների գինը բարձր է սովորական ծննդաբերությունների համար սահմանված գնից եւ ՎՊ-ն, հավանաբար ակնարկում է, որ հիվանդանոցները, բժիշկները ավելի շատ գումարներ ստանալու համար են ծննդալուծումը անում կեսարյան ճանապարհով: Միջինացված գներով նորմալ եւ թեթեւ շեղումներով ծննդաբերության համար հատկացվում է 109 հազար 400 դրամ:
Ըստ ՎՊ տվյալների, 1-ին աստիճանի բարդությունով կեսարյան հատումով յուրաքանչյուր ծննդալուծման համար անցյալ տարի օրինակ՝ պետությունը փոխանցել է 198 հազար 500 դրամ, 2-րդ աստիճանի բարդությունների համար՝ 276 հազար դրամ:
Aravot.am-ը առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, որը նաեւ ՙ«Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ի (Հանրապետական ծննդատուն) տնօրենն է, փոխանցեց Վերահսկիչ պալատի դիտարկումները:
Ռազմիկ Աբրահամյանը նորմալ է համարում, որ ծննդալուծման 28-30 տոկոսը կեսարյան հատումով է՝ վկայելով, որ ե՛ւ եվրոպական երկրներում են այդպիսի ցուցանիշներ ե՛ւ ԱՄՆ-ում: Նրա խոսքով, կան երկրներ՝ օրինակ՝ Բրազիլիայում հիվանդանոց կա, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 90 տոկոսի:
Իսկ թե ինչու է տարեցտարի ավելանում կեսարյան հատումով ծննդալուծվողների թիվը, ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը նշեց, որ տարեցտարի ավելանում են ռիսկի խմբի հղիները. «Այսինքն՝ այն հղիները որոնք ունեն այս կամ այն ուղեկցող հիվանդությունները կամ մոր կողմից կամ պտղի կողմից: Երկրորդ՝ չափից ավել լավացել է ախտորոշիչ մեթոդները պտղի առումով, եթե նախկինում ծննդաբերություն հաշվվում էր 28 շաբաթ եւ ավելին, ապա ներկայումս 22 շաբաթ եւ ավելին համարվում է ծննդաբերություն: Այսինքն՝ այն ժամանակահատվածում, 22-28 շաբաթականում, երբ մայրն ունենում է հղիություն եւ այս կամ այն սեռական կամ արտասեռական հիվանդություն, այդ դեպքում եւս ցուցում է լինում կեսարյան հատման՝ պտղի եւ մոր կյանքին վնաս չհասցնելու համար: Հիմա մենք կարողանում ենք պահել 500 գրամ եւ ավել քաշով ծնված երեխաներին»:
Ըստ Ռազմիկ Աբրահամյանի հենց կեսարյան հատման տոկոսների բարձրացման շնորհիվ է, որ մայրական եւ նորածնային մահացության ցուցանիշները մեզ մոտ շատ ցածր են. «Այսօր մայրական եւ նորածնային մահացությունը եվրոպական չափանիշներին են հասցված՝ չհաշված մեր տնտեսական ներկայիս պայմաններին: Այս դեմոգրաֆիկ պայմաններում ամեն մի նորածին ունի իր ուրույն տեղն ու դիրքը: Եթե նույնիսկ մենք կեսարյան հատման ճանապարհով օրինակ՝ պահում ենք 500 գրամից մինչեւ մեկ կիլոգրամանոց եւ ավել երեխա, դա շատ դրական ցուցանիշ է»:
Բժիշկ Աբրահամյանի խոսքով, այսօր գաղտնիք չէ, որ շատ մեծ տոկոս են կազմում փորձանոթային բեղմնավորման, Էկոյի, ցուցանիշները: «Դրանք հիմնականում կատարվում են այն կանանց մոտ որոնց տարիքը բարձր է եւ հասակավոր առաջնածին են համարվում, ինչը եւ ցուցում է կեսարյան հատման: Եթե մարդը տարիներ շարունակ չի հղիացել եւ ունեցել է անպտղություն եւ հետո արհեստական բեղմնավորման կամ օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով հղիացել է, նրան պարտադիր պետք է կատարեն կեսարյան հատում»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Պարոն Աբրահամյանը մի պատճառ էլ նշեց. «Բոլորս գիտենք, որ մեծ տոկոս են կազմում ջահել տարիքի արտագաղթող աղջիկները, կանայք, մնացել են եւ մեծ տոկոս են կազմում տարիքավոր կանայք կամ նրանք որոնք ունեն այս կամ այն հիվանդությունը: Այսինքն՝ կան բազմաթիվ գործոններ, որ նպաստել են տոկոսի բարձրացմանը»:
Ռազմիկ Աբրահամյանը նաեւ ասաց, որ ՎՊ-ն հավանաբար ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ հիվանդանոցների համար նախատեսված են որոշակի տոկոս կեսարյան հատումներ եւ եթե այդ տոկոսը գերազանցում է բուժհիմնարկը, պետությունը կեսարյանի գինը ոչ թե տալիս է դրա արժեքով, այլ՝ նորմալ ծննդաբերության արժեքով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ