«Դռները ջարդել, մտնել համալսարան, սա անթույլատրելի է, բոլոր սահմաններն անցան այդ մարդիկ»,- Aravot.am-ին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնության անդամների ակցիային ԵՊՀ գլխավոր մասնաշենքում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակտիվիստները քիչ առաջ մտան համալսարանի շենք ու փորձեցին հանդիպել Արամ Սիմոնյանի հետ, սակայն վերջինս դուրս չեկավ իր աշխատասենյակից, բայց պատրաստ էր ընդունել Նիկոլ Փաշինյանին, որը հրաժարվեց ռեկտորի հետ հանդիպման գնալ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների:
«Ես էլ այստեղ սպասում էի, որ գային իմ դուռն էլ բացեն, մտնեն, շոու էին ուզում սարքեին, շատ պարզ: Ասել եմ, որ կարող եմ միայն իր հետ հանդիպել (խմբ. Նկատի ունի Նիկոլ Փաշինյանին), իսկ ինքն ուզում էր, որ լրագրողները, այդ անկառավարելի մասսան այստեղ գան, որոնց մեջ ինչ մարդ ասես կար»,- շարունակեց ԵՊՀ ռեկտորը:
Մեր դիտարկմանը, թե մասսայի մեջ ձեր ուսանողներն էին, պարոն Սիմոնյանը շարունակեց. «Ուզում էին գային էստեղ սարքեին բռնություն, բռնություն գործադրեին, դա էր նրանց ուզածը, ես էլ հանգիստ, գործընկերներիս հետ այստեղ սպասում էի: Ինքը մենակ գար, կխոսեինք, չէ՝ ոչ մեկի հետ, այդ մասսայի հետ խոսելու ոչ մի բան չունեմ: Էդ ինչ մասսա է որ, էդ երեւույթները, դռները ջարդելը, հակահասարակական տարրեր են, որ մտան, երեւի ինքն էլ չէր կարողանում նրանց կառավարել: Ինչի՞ հասան, էդպես դռները ջարդելով ու ներս մտնելով, ոչ մի բանի, իրենց համար ոչ մի դրական բանի չհասան, իրենց դիմակը եւս մեկ անգամ հանեցին: Այսքան բան, մնացածը կարող եք խոսել մեր լրատվական ծառայության պետի հետ, ես իմ ասածն ասացի»:
Արամ Սիմոնյանն այլ հարցերի չպատասխանեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ