Aravot.am-ի հետ զրույցում «Ճվճվ Արոյի»՝ Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի, նաեւ՝ Ռոբերտ Հայրապետյանի գործով վերջինիս շահերի պաշտպան, փաստաբան Մհեր Ասլանյանն անդրադարձավ գործով տուժած Շանթ Մարգարյանի մի շարք մեղադրանքներին: Մասնավորապես՝ այն իրողությանը, որ Շանթ Մարգարյանն ունի լուսանկար (որում, իր խոսքով, երեւում է վնասվածքը, որը ստացել է, ինչպես ինքն է պնդում, մեքենայից կախված վիճակում իրեն քարշ տալու պատճառով): Մհեր Ասլանյանն ասաց. «Քրեական գործում որեւէ լուսանկար չկա: Թե ինչ լուսանկար է նա ցույց տվել, չեմ կարող ասել»:
Պաշտպանը հստակեցրեց՝ լրագրողները ներկա են եղել այն դատական նիստին, որում ցուցմունք է տվել փորձագետը. «Նա ասաց՝ այն պարագայում, որը նկարագրում է Շանթ Մարգարյանը, վերջինս ավելի մեծ վնասվածքներ կստանար, եթե իրականում նման դեպք լիներ: Իսկ դեպքից անմիջապես հետո նրա մարմինը զննել է փորձագետը եւ արձանագրել՝ փորձագետի եզրակացության մեջ արտացոլված վնասվածքները եւ Շանթի՝ դատարանում տրված ցուցմունքում նկարագրված վնասվածքները շատ ավելի տարբեր են, այսինքն՝ այն, ինչ Շանթ Մարգարյանն է ասում, էապես տարբերվում է փորձագետի եզրակացությունից, համաձայն որի՝ նման վնասվածքներ նա չի ստացել»:
Մարգարյանի դիտարկմանն ի պատասխան, թե դատական գործընթացը ձգձգվում է՝ Սերժ Վարդանյանի՝ քրեական հեղինակության որդի լինելու հանգամանքի պատճառով, Մհեր Ասլանյանն ասում է. «Չեմ հասկանում, թե ինչ ի նկատի ունի՝ ասելով քրեական հեղինակություն, չգիտեմ՝ ո՞ւմ մասին է խոսքը…Գործը ոչ թե ձգձգվում է, այլ դատարանի կողմից բազմակողմանի՝ օբյեկտիվ եւ լրիվ քննություն է կատարվում»:
Փաստաբանի խոսքով՝ ձգձգման պատճառներից է նաեւ Շանթ Մարգարյանի՝ դատարան չներկայանալու հանգամանքը. «Շանթ Մարգարյանն իր ցանկությամբ չի ներկայացել նիստերին՝ Հայաստանում չլինելու պատճառով: ՀՀ-ում լինելու ժամանակահատվածում եւս նա չի ներկայացել՝ այն պարագայում, երբ ծանուցվում էր գործի դատաքննությանը ներկայանալու մասին»:
Մհեր Ասլանյանը նաեւ նշեց. «Իր ենթադրություններն են այն տեղեկությունները, թե ոստիկաններն իմացել են՝ ո՞ւմ որդու հետ գործ ունեն: Ես կարող եմ ասել, որ ոստիկաններն իրենց աշխատանքը բարեխիղճ կերպով կատարել են: Հենց իր հաղորդման հիման վրա է, որ քրեական գործ է հարուցվել, իսկ Սերժ Վարդանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը մեղավոր են, թե ոչ, դա արդեն դատարանը կորոշի:
Ասում է, թե ոստիկանները գիտեին՝ ո՞վ է մեքենայի ղեկին, այդ պատճառով չեն կարողացել գործողություններ ձեռնարկել: Իմ կարծիքով՝ ոստիկանները չէին կարող իմանալ, թե մեքենայի վարորդն ով է, քանի որ մեքենան Սերժ Վարդանյանինը չի եղել: Կարծում եմ՝ ոստիկանությունը կարձագանքի նման զրպարտող հայտարարություններին, որոնք ստվեր են գցում ոստիկանության աշխատանքի վրա»:
Ինչ վերաբերում է նրան, թե արտահերթ նիստում Շանթ Մարգարյանին ահաբեկիչ են անվանել, պաշտպանը նշեց. «Համոզված եմ, որ դատավարության մասնակիցներից եւ կողմերից որեւէ մեկը նման արտահայտություն չի արել: Նա ասում է, թե իրեն սուտասան են անվանել, բայց ընդգծեմ՝ իր ցուցմունքներում հակասություններ կան, ինչի պատճառով նրան հարցեր են ուղղվել: Համենայն դեպս, իրեն ոչ ոք սուտասան չի անվանել: Իսկ թե ինչու է նա այդպես ասում, թող ինքը ենթադրի եւ թե որքան են իրականությանը մոտ իր հայտնած տեղեկությունները: Իսկ թե նիստից դուրս ինչ խոսակցություններ են եղել, գնահատականներ չեմ կարող տալ: Ենթադրում եմ, որ նա է իր պահվածքով հրահրել, որպեսզի իրեն որեւէ բան ասեն: Նշեմ նաեւ, որ դեպքի օրը նա եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, ինչպես ինքն է հայտնել դատարանին, եւ դուրս էր եկել գիշերային ակումբից: Թե ոգելից խմիչքի ազդեցության տակ նա որքանո՞վ էր գիտակցում եւ վերահսկում իր գործողությունները եւ դրանց նշանակությունը, դա եւս հարցական է: Հարցական է նաեւ, թե իր հաղորդած տեղեկությունները դեպքից հետո ինքը որքանով է կարող վերարտադրել»:
Մեր զրուցակիցը նկատեց՝ իր ցուցմունքներում Շանթ Մարգարյանն ինքն է նշել, որ սեռական բնույթի հայհոյանքներով՝ զայրացած մոտեցել է «Լադա Պրիորա» մակնիշի մեքենային, նախահարձակ եղել մեքենայի ուղեւորի՝ Ռոբերտ Հայրապետյանի վրա եւ փորձել նրան դուրս հանել մեքենայից. «Ինքն է կանգնեցրել մեքենան: Մանրամասներին չեմ անդրադառնում, քանի որ գործի քննությունը շարունակվում է»:
Փաստաբանը վերջում շեշտեց՝ քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, չի կարելի մոռանալ անմեղության կանխավարկածի մասին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ