2018թ. ապրիլի 12-ին, ժամը 14. 30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղի երեք բնակիչ վիրավորվել է հակահետեւակային ականների պայթյունից: Այգեձորի բնակիչներ, 36-ամյա Նվեր Սուրենի Ճուղուրյանը, նրա կինը`32-ամյա Աստղիկ Արարատի Պետրոսյանը, նույն գյուղի բնակիչ, 37-ամյա Արամ Սերյոժայի Դալլաքյանը եւ Այգեձորի եւս մի բնակիչ գնացել են գյուղից 5 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ տարածք՝ սինդրիկ հավաքելու:
Այգեձոր գյուղից տեղեկացանք, որ վերոհիշյալ անձինք մարտական դիրքերի միջանկյալ տարածքում հայտնվել են շրջանցիկ ճանապարհով, այդ պատճառով սահմանապահ զինծառայողները չեն նկատել նրանց: Առաջինը փշալարով պատված ականապատ դաշտում հայտնվել են ամուսինները`Նվեր Ճուղուրյանը եւ Աստղիկ Պետրոսյանը: Նվերը ձեռքը դրել է փշալարից ներս, գետին, հետեւել է ականի պայթյուն, նրանց օգնության է շտապել Արամ Դալլաքյանը, որը վիրավորվել է հակահետեւակային մեկ այլ ականի պայթյունից: Վիրավորներին օգնության են շտապել սահմանապահ զինծառայողները, նրանց տեղափոխել են Բերդի զինվորական հոսպիտալ:
Զինվորական հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանից տեղեկացանք, որ ամպուտացվել են Նվեր Ճուղուրյանի ձեռքը` բազկի ստորին երրորդականից, Աստղիկ Պետրոսյանի եւ Արամ Դալլաքյանի մեկական ոտքը` սրունքի ստորին երրորդականից: Հոսպիտալի պետի խոսքերով`վիրավոր այգեձորցիների վիճակը բավարար է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
այսինքը օրը ցերեկով անցել են վտանգավոր գոտի : Հարց՝ այդ տարածքում մենք բանակային ստորաբաժանում ունենք, ? ինչով են զբաղված? փայտի գործ են անում, թե սահմանն են հսկում?