Այն տեղեկության կապակցությամբ, թե Գարեգին Բ-ն 5 կգ ոսկուց ձուլված գավազան է նվեր ստացել ռուսաստանաբնակ Գարուն Քոչարյանից, Aravot.am-ի ընթերցողներից մեկը նկատել էր, որ 2011-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսը եւս մեկ՝ 1,5 միլիոն դոլար արժեցող թանկարժեք գավազան է նվեր ստացել Վահագն Մկրտչյանից:
Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Վեհափառի մամուլի քարտուղար տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեց` ի՞նչ ճակատագրի է արժանացել թանկարժեք ընծան:
Տեր Վահրամը հաստատեց, որ իսկապես 2011-ին Վեհափառ Հայրապետը մեկ այլ գավազան է ստացել, որը ներկայումս պահվում է Մայր Աթոռի թանգարանում:
Նա հավելեց, որ Կաթողիկոսին եւ Մայր Աթոռին ընծայվող նվերները գույքագրվում են հատուկ հանձնախմբի կողմից եւ պահվում Մայր աթոռի համապատասխան կառույցներում. «Եթե դրանք ծիսական նշանակություն ունեն, ուղղվում են ծիսական նշանակության, եթե թանգարանային նմուշներ են, թանգարանում են պահվում, և այլն: Դա ընդունված կանոնակարգ է»:
Տեր Վահրամն ընդգծեց, որ տարբեր ժամանակներում էլ Եկեղեցին ժողովրդի կողմից նվերներ է ստացել իբրև արտահայտություն եկեղեցու նկատմամբ սիրո, բարեպաշտության, հոգևոր ապրումի:
«Այսօր թանգարաններում ցուցադրվող բոլոր արժեքներն էլ, եկեղեցիներում գործածվող եկեղեցական սպասքը, Մատենադարանում և Մայր Աթոռում պահվող ձեռագրերը, արժեքավոր կտավներն ու արվեստի այլ գործերը ժամանակին նվիրաբերվել են հայորդիների կողմից: Որևէ տարօրինակ ու սարսափելի բան այս երևույթի մեջ չկա: Բայց և պետք է ազնվորեն ընդունեմ, որ Եկեղեցին օրհասական պահերին մշտապես իր ունեցածը ծառայեցրել է իր հոտին և հայրենիքի կարիքներին: Դրա վկայությունները բազում են: Պարզապես պետք է հետևել Եկեղեցու գործունեությանը և ոչ միայն, նաև զորակցել և մասնակից դառնալ այդ առաքելությանը»,- հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ