Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վիգեն քահանա Մանուկյանի մասին վերջերս լուր էր շրջանառվում, թե իբր Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում՝ «Ինեկո բանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմաց, անհայտ անձը վիճաբանել, ապա դանակահարել է, նաեւ տեղեկություն կար, թե բանը հասել է մինչեւ ոստիկանություն:
Aravot.am-ի հետ զրույցում տեր Վիգենը նշեց. «Միջադեպ, որպես այդպիսին, չի եղել: Ուղղակի մի դեպք էր, որին առանձնակի կարեւորություն չեմ տվել եւ չեմ էլ տալու»:
Ինչ վերաբերում է դանակահարության մասին լուրին, քահանան նշեց. «Դանակահարություն կամ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք չի եղել: Ես այդ օրն էլ եմ զբաղվել իմ ծառայությամբ, հաջորդ օրն էլ: Դա լուրջ իրադարձություն չի եղել, որն արժեր այդքան դնել-վերցնել, մանավանդ իմ ընտանիքի անդամներն էլ չեն իմացել այդ մասին: Սովորական դեպք էր, որն անցավ գնաց»:
Նա չհերքեց, որ գործին խառնվել է ոստիկանությունը. «Մարդու ձեռքին դանակ կար, կողքին էլ ոստիկաններ էին, բայց դանակահարություն, դանակով հարված, այն էլ եւս ճակատիս մասում, չի եղել: Ես ամեն օր աշխատում եմ, եւ մարդիկ տեսնում են դեմքս: Քանի որ դեպքը եղել եւ անցել է, ու ես էլ չեմ կարեւորում, այլեւս ցանկություն չունեմ դրան անդրադառնալու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ