Այսօր Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամը պաշտոնապես մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» (ԷԱՀՀ) ծրագիրը` Հայաստանում էներգետիկ աղքատության հաղթահարման գործընթացում հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը խթանելու նպատակով:
Ծրագրի մեկնարկային համաժողովին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ` Գրեգորի Ցուրիսը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը, ինչպես նաև ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։
ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը ներկայացնելով առկա իրավիճակը` նշել է. «Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների նպատակն է բարելավել մարդկանց կյանքի պայմաններն ու սոցիալական վիճակը: Հայաստանի էներգետիկ սակավության խնդրի լուծման գործում կարևոր է, որ ամեն մի քաղաքացի, ընտանիք, համայնք հստակ պատկերացնի և իրագործի էներգախնայող և էներգաարդյունավետ կյանք ու մշակույթ ձևավորելու գործընթաց: Այդ տեսանկյունից ողջունելի է ԱՍԲԱ հիմնադրամի և գործընկեր կառույցների այս նոր նախաձեռնությունը, որը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի հինգ մարզում: Վստահ եմ, որ ծրագրի հաջող փորձը կտարածվի նաև մեր հանրապետության մյուս համայնքներում»:
«Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն՝ նրանք ստիպված են ծախսել էներգիայի և ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50 տոկոսը»,- ասել է ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը։
Ծրագրի շրջանակում ԱՍԲԱ հիմնադրամը համագործակցելու է Գերմանիայի «Արևելյան Եվրոպայում բնակարանային նախաձեռնության» (IWOe.V), Չեխիայի Հանրապետության «SEVEn z.u.» Էներգախնայողության կենտրոնի և Նիդեռլանդների «Energie-U» կոոպերատիվ գործընկեր կազմակերպությունների հետ ԷԱՀՀ ծրագիրն իրականացնելու համար, որի նպատակն է Հայաստանի հինգ՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի մարզերում զարգացնել էներգաարդյունավետության մշակույթը և բարելավել բնակիչների կյանքը։
Համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի Հանրապետության և Նիդեռլանդների գործընկեր կազմակերպությունների փորձագետները ներկայացրել են էներգաարդյունավետության խթանման ու հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված իրենց երկրների փորձն ու դրանցից քաղված դասերը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն