Լրահոս
Օրվա լրահոսը

4 եզդիների սպանության գործով դատարանը նոր պաշտպան ներգրավեց

Ապրիլ 13,2018 15:14

Շամիրամ գյուղի սգո սրահում 2017 թվականին 4 եզդիների սպանության գործով այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ներգրավեց հանրային պաշտպան Ինգա Աղաջանյանին:

Հիշեցնենք, որ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի պաշտպանը՝ Կրոմվել Գրիգորյանն արդեն մի քանի նիստ է՝ չի ներկայանում դատարան:

Թեեւ անցած նիստին Քալաշյանը հրաժարվեց հանրային պաշտպանից, բայց դատարանն այսօր նոր պաշտպանի ներգրավեց: Վերջինս էլ գործի նյութերին ծանոթանալու համար միջնորդեց նիստը հետաձգել 10 աշխատանքային օրով, ինչը դատարանը բավարարեց:

Ի դեպ, Կրոմվել Գրիգորյանը թեեւ այսօր չէր ներկայացել, բայց գրավոր միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով նիստը հետաձգել՝ մեկ այլ նիստով զբաղված լինելու պատճառաբանությամբ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 27-ին:

Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն: Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին: Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30