Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Սիրիայի վրա հարձակում լինի եւ Ռուսաստանի զինուժին վնաս պատճառվի, հետեւանքները ծանր կլինեն, ընդհուպ՝ մինչեւ միջուկային զենքի կիրառում

Ապրիլ 13,2018 14:33

Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան հակասությունները գնալով լուրջ տոնայնություն են ստանում: Խնդիրը մեզ համար էլ հրատապ է տարածաշրջանում ծավալվող գործընթացների եւ հնարավոր զարգացումների համատեքստում:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, տալով այս պահի իր ընդհանուր գնահատականն՝ ասաց. «Պահն իսկապես լարված է եւ ավելի լարվելու միտումներ կան: ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը եւ Ֆրանսիան բացահայտ հայտարարել են, որ պետք է հարձակում կազմակերպեն Սիրիայի տարածքի վրա: Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ եթե այդ հարձակումը տեղի ունենա եւ վնաս հասցվի ռուսական զինուժին, ինչպես նաեւ հարվածն ուղղված լինի Սիրիայի ղեկավարության վրա, ապա ինքը պատասխան կտա:

Փաստորեն, երկու բեւեռի առաջացման ականատեսն ենք, որոնցից մեկը փորձում է զինված գործողություններ կազմակերպել Սիրիայի դեմ, մյուսը դրան հակադրվում է: Սա ընդհանուր պատկերն է: Բայց եթե մի քիչ ավելի խորը փորձենք վերլուծել, ապա լավատեսության համար էլ բավականին հույսեր կան: Ռուսական, ամերիկյան եւ մերձավորարեւելյան զինված ուժերի ներկայացուցիչների միջեւ կապը պահպանվում է, տեղի է ունենում ինֆորմացիայի փոխանակում: Ընդ որում, կապը պահպանվում է զինվորական հրամանատարության բարձրագույն մակարդակով: Եվ ես հույս ունեմ, որ այս միտումը կարող է մեծապես նպաստել, որպեսզի տեղի չունենա ամենավտանգավորը՝ անմիջական բախումը ռուսական եւ ամերիկյան զորքերի միջեւ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այսպես կոչված, թվիթերյան դիվանագիտություն իրականացնելով՝ լարում է իրադրությունը: Սա շատ վտանգավոր է: Բայց երեկ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունում, որին մասնակցեցին Թրամփը, անվտանգության գծով նրա խորհրդականները, զինված ուժերի ներկայացուցիչները, ամերիկյան գործողությունների ժամկետների վերաբերյալ վերջնական որոշում չընդունվեց: Շատ կարեւոր է, թե այդ գործողություն ինչպիսին կլինի, ինչ թիրախներ եւ ինչ հարվածներ կլինեն: Մյուս կողմից տեսնում ենք, որ Ռուսաստանն այս ճգնաժամային իրադրությունում վարում է բավական զգուշավոր քաղաքականություն, ռուսական կողմն աշխատում է հայտարարությունների միջոցով լարվածությունն ավելի չխորացնել: Սա նույնպես պետք է դիտարկել որպես դրական երեւույթ:

Այսօր նախանշված է, որ պետք է հրավիրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, թեժ բանավեճ տեղի կունենա Ռուսաստանի եւ արեւմուտքի երկրների միջեւ: Հույս ունենանք, որ այդ բանավեճը միայն բանավեճ չի լինի, եւ այս ճգնաժամային վիճակից որոշակի ելք գտնելու հնարավորություն կստեղծվի:

Մի հանգամանքի վրա էլ ուզում եմ կանգ առնել: Երբ Սիրիայի շուրջ ստեղծված իրադրությունը համեմատում ենք Լիբիայի եւ Իրաքի հետ, տեսնում ենք, որ ԱՄՆ-ին չհաջողվեց իր ղեկավարության ներքո ստեղծել լայն կոալիցիա: Մասնավորապես, ԱՄՆ կարեւոր դաշնակիցներից Գերմանիան, Իտալիան պաշտոնապես հայտարարել են, որ չեն մասնակցելու ռազմական գործողություններին, ինչը սահմանափակում է ԱՄՆ-ի հնարավորությունները: Եվ վերջին հանգամանքը, որ ավելի զինվորական մասնագիտական բնույթ է կրում, որքան ես հասկացա ամերիկյան բարձրագույն գեներալների հայտարարություններից, նրանք փորձում են այնպիսի թիրախներ գտնել Սիրիայում, որոնց եթե հարված հասցվի, առաջինը՝ չտուժի ռուսական զինուժը, երկրորդը՝ հնարավորինս քիչ զոհ լինի, կամ չլինի քաղաքացիական բնակչության շրջանակներում: Սրա հետ կապված ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ հարված հասցնելու համար արդեն ութ թիրախ է առանձնացվել:

Իմ ընդհանուր կարծիքն այն է, որ ԱՄՆ-ը եւ նրա երկու դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, այնուամենայնիվ ստիպված կլինեն ինչ-որ գործողություն իրականացնել, քանի որ արդեն այնպիսի հայտարարություններ են արել, որ դրանից հետ գնալը հեղինակության կորուստ կնշանակի: Երկրորդ՝ կարծում եմ, որ նրանք ամեն կերպ կխուսափեն Ռուսաստանի զինուժի ներկայացուցիչներին թիրախավորելուց, որը կբերի շատ ծանր հետեւանքների, ընդհուպ, մինչեւ միջուկային զենքի կիրառում: Եվ երրորդ՝ հույս ունեմ, որ եթե նույնիսկ տեղի ունենա սահմանափակ գործողություն, ապա հնարավոր կլինի կորուստը հասցնել նվազագույնի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30