Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013 թվականի հունիսի 1-֊ին կատարված սպանության դեպքի առնչությամբ Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանն առաջիկայում ՀՀ բոլոր իրավասու մարմիններին կրկին բողոքներ է հղելու այն փաստի շուրջ, որ մահացած Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը դատավարական կարգավիճակ չունի: «Դրա հետեւանքով նա քրեական գործը կարճելու մասին որոշումը մինչ օրս չի կարողանում ստանալ, առավել եւս՝ վիճարկել»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ պատկան կառույցներին բողոքներ հղելուց հետո կրկին կանդրադառնան ավելի վաղ Եվրոպական դատարան ներկայացրած իրենց գանգատին, որում Բուդաղյանների ընտանիքը շեշտել է իրենց իրավունքների խախտման փաստը: «Համոզված ենք, որ ի վերջո այս գործով հասնելու ենք արդարության կայացմանը»,-հույս հայտնեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ սպանության դեպքի առթիվ քրեական գործն ավելի վաղ կարճվել էր, քանի որ ըստ քննիչի՝ Ավետիք Բուդաղյանն է նախահարձակ եղել, իսկ Բուդաղյաններն իրենց հերթին պնդում են, որ Սուրիկ Խաչատրյանն ու իր մերձավորներն են միջադեպի մեղավորները, եւ պահանջում են դատաքննություն իրականացնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ