Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Տարոն Մարգարյանենց հայաթում պատրաստվենք գիշերել, նրանից թույլտվություն կհարցնեն». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 13,2018 14:15

Գյումրիից սկսած 7 խոշոր քաղաքներով անցնելուց հետո «Իմ քայլը» նախաձեռնության անդամները քիչ առաջ մուտք գործեցին Երևան: Նրանց մի քանի տասնյակ համակիրներ սպասում էին «Հյուսիսային» ավտոկայանում:

Այժմ քայլարշավի մասնակիցները շարժվում են դեպի մայրաքաղաքի կենտրոն:

Գույնզգույն ճայթուցիկներ պայթեցնելով, «Մերժիր Սերժին» գոչելով՝ քայլարշավի մասնակիցներն ու նրանց համախոհներն ուղևորվում են դեպի Ազատության հրապարակ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դուք տեսնում եք, թե ինչպես են մարդիկ արձագանքում: Սա է մեր այս 14-օրյա աշխատանքի արդյունքը»:

Դիտարկմանը՝ եղանակային պայմանները իրենց օգտին չեն, պարոն Փաշինյանն արձագանքեց՝ շատ թարմացնող եղանակ է, այն ընդգծում է մեր ուժեղությունը և հաստատակամությունը: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ քաղաքացիները նույնպես այդպես կարձագանքեն:

Հստակեցմանը՝ հնարավո՞ր է նաև այսօր փողոց փակեն, պարոն Փաշինյանը չբացառեց ու հավելեց. «Ամեն ինչ նախատեսվում է՝ փողոցների փակում, շենքերի շրջափակում, խանութների փակում և էլի տարբեր բացված բաների փակում: Կապրենք կտեսնենք, դա կախված է քաղաքացիների տրամադրվածությունից»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ազատության հրապարակ մուտք գործելիս իրենց քայլած ճանապարհը կհասնի 214 կմ-ի: Այնուհետև նշեց, որ 18.30-ին այսօր՝ Ազատության հրապարակում պատրաստվում է ծավալուն ելույթով հանդես գալ, որին կհաջորդեն գործողություններ:

Հարցին օրինակա՞ն է շենքեր շրջափակելը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ քաղաքացիներն ունեն խաղաղ, առանց զենքի քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու իրավունք: Եվ դրանից օգտվելու են»:

Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց՝ կախված քանի հոգի կլինի Ազատության հրապարակում, այդ ծավալի գործողություններ էլ կլինեն: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ այսօր նստացույց լինելո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Շուրջօրյա լինելու ենք Ազատության հրապարակում, նստած կլինենք, թե կանգնած: Ես ասել եմ 14 օր մեր տանը չեմ եղել, շարունակելու եմ չգնալ մեր տուն մինչև հանգուցալուծում»:

Հիշեցմանը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլտվություն չի հատկացրել Ազատության հրապարակում գիշերելու համար, պարոն Փաշինյանն այսպես արձագանքեց. «Եթե Տարոն Մարգարյանենց հայաթում պատրաստվենք գիշերել, նրանից թույլտվություն կհարցնեն: Մենք պատրաստվում ենք մեր հայրենիքի մայրաքաղաքի հրապարակում՝ հանրային տարածքներում գիշերել, և որևէ մեկի թույլտվության կարիքը չունենք»:

Այն հարցին՝ հավաքների մասին օրենքը դա թո՞ւյլ է տալիս, պարոն Փաշինյանը պատասխանեց՝ օրենքն այդ հարցը կարգավորում է:

Թույլտվության մասին հարցից պարոն Փաշինյանը վրդովվեց՝ ի՞նչ է քաղաքական գործընթաց իրականացնելու համար պետք է թույլտվությո՞ւն ստանամ իշխանությունից: Նա հեգնեց՝ հնարավոր է գլխարկ դնելու թույլտվություն հարցնի Տարոն Մարգարյանից:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ԵԼՔ խմբակցության նիստ այսօր չեն անելու: Հարցին՝ եթե նիստ չի լինելու, հետևաբար վարչապետի թեկնածու ինչպե՞ս են առաջադրելու, պարոն Փաշինյանը պատասխանեց, որ իրենց հիմնական նպատակը ապրիլի 17-ի՝ ԱԺ-ի նիստը տապալելն է: Իսկ եթե իրենց թեկնածուն առաջադրեն, դա կնշանակի՝ իրենք կողմ են, որ այդ նիստը կայանա: Իրենք թեկնածու կառաջադրեն ապրիլի 17-ից հետո:

Նա հայտարարեց. «Ես ԵԼՔ խմբակցության ղեկավարն եմ, և ՔՊ-ն ԵԼՔ-ի ուժերից մեկն է: Որևէ մեկը չի կարող ԵԼՔ-ի անունից որոշում կայացնել առանց իմ համաձայնության: Առանց ՔՊ-ի ԵԼՔ դաշինքը որոշում կայացնել չի կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30