Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. ինչի՞ համար էր Կարեն Կարապետյանը թողել բարձր աշխատավարձն ու տունը Մոսկվայում

Ապրիլ 13,2018 14:13

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդան Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ 2014թ. Սերժ Սարգսյանը անկեղծ եւ ճիշտ էր, երբ ասում էր, որ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է ձգտի մնալ իշխանության մեջ, որ դա տանում է ավտորիտարիզմի եւ բռնապետության: «Եթե ՀՀԿ-ն իր շարքերում չի գտնում այլ թեկնածուի, իրենք են ասում, որ չեն գտնում, ապա հայ ազգը մեծ է, մենք ունենք թե Հայաստանում, թե դրսում խելացի մարդիկ, այդ փորձն էլ կա, թող գտնեն: Հայաստանը պարտավոր է կտրուկ զարգացում ունենալ: Նույն ձեւով, նույն մարդկանցով իշխելով, իմ կարծիքով՝ Հայաստանը որեւէ արդյունքի չի հասնի»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ըստ Հովհաննես Իգիթյանի՝ միայն մեր ներքին հարցը չէ: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նախկին պաշտոնյան խոսեց Freedom House-ի հրապարակած վերջին զեկույցի մասին, որտեղ Հայաստանը գնահատվում է ավտորիտար համակարգի մոտեցող եւ հիմնական խնդիրները կապվում են Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու հետ: Հովհաննես Իգիթյանը հիշեցնում է, որ այս կառույցի զեկույցների հիման վրա տարբեր ժամանակներում տարբեր երկրներ, այդ թվում՝ նաեւ Հայաստանը, զրկվել են «Հազարամյակի մարտահրավերներ»-ի ծրագրից, Ադրբեջանը զրկվել է նաեւ ԱՄՆ-ի 701 ակտից՝ 350 մլն դոլար ծրագրից, ներդրողներն էլ այս կառույցի զեկույցը հիմք ընդունելով՝ գնահատում են տարբեր երկրներում իրենց գործունեության հնարավորությունները: Ասում է՝ իշխանությունում պետք է զգույշ լինեն իրենց «սահմանադրական մանիպուլյացիաներում»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իր կարծիքով կհաջո՞ղեն այն ուժերը՝ «Մերժիր Սերժին», «Իմ քայլը», «Հանուն Հայաստան պետության», որոնք միավորվել են եւ պայքարում են Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրության դեմ: Հիշեցնենք, որ նրանք նախատեսում են նաեւ շրջափակել խորհրդարանի շենքը, որպեսզի ամսի 17-ին պատգամավորները չկարողանան շենք մտնել եւ քվեարկություն կատարել: «Հայաստանում բոլորը հասկանում են, որ քաղաքական հաջողության հնարավոր չէ հասնել՝ չունենալով հասարակության ոչ միայն համապատասխան ցանկությունը, այլ դրա դրսեւորումը: Ես գիտեմ՝ ինչու է այսօր հասարակությունը պասիվ: Զգալի մեծամասնությունը դեմ է այս ձեւով վերարտադրությանը: Այլ հարց, որ, իմ կարծիքով՝ դրա դեմ պայքարելու հնարավոր դրական արդյունքը հասարակությունը չի կապում այս ակցիաների հետ: Վերջին ժամանակաշրջանում շատ խնդիրներ դրվեցին, հասարակությունը գնաց դրանց լուծման հետեւից, դուրս եկավ փողոց, բայց վերջում քաղաքական առաջնորդները կամ հոգնում էին, կամ իշխանությունը բռնի ձեւերով թույլ չէր տալիս փոփոխությունների իրականացում»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Այս ամենում նա կարեւորում է այն, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անգամ քաղաքականությունից շատ հեռու, առաջընթացը չի կապում գործող իշխանության հետ եւ սխալ է համարում այն, որ Սերժ Սարգսյանն ասել է մի բան, անում է այլ բան: Իսկ ՀՀԿ-ն դեմագոգիայով փորձում է նրա ասածն այլ կերպ մեկնաբանել:

Թե իր անհամաձայնությունը այս իրողությունների հետ հասարակությունն ինչպես կդրսեւորի, ասում է՝ ժամանակը ցույց կտա: Հովհաննես Իգիթյանը մի բանում վստահ է. այս ամենը հասկանում է նաեւ Սերժ Սարգսյանը. «Տեսեք, թե որքան կաշկանդված է խոսում նա վերջին ժամանակաշրջանում կամ չի խոսում: Ինքն էլ է հասկանում՝ բոլոր խնդիրները ոչ միայն Freedom House-ի զեկույցի ձեւով կամ հասարակության արհամարհանքի ու անհամաձայնության ձեւով կտեսնի, նույնիսկ ներպալատական խնդիրներ կունենան, որովհետեւ ոչ միայն ինքը, այլ նաեւ այլ մարդիկ էլ էին հույսեր կապում իր նախագահության ժամկետի ավարտի եւ իշխանության դադարի հետ: Մարդիկ կան, որ իրենց տուն-տեղը, երկիրը թողած՝ եկել են Հայաստան այն հույսով ու հավատով, որ պետք է իշխեն այստեղ եւ ինչ-որ ծրագրեր իրականացնեն: Առաջին հերթին՝ նույն Կարեն Կարապետյանը: Նա չի թողել իր մեծ աշխատավարձը, լավ պաշտոնը եւ տունը Մոսկվայում, չի եկել այստեղ երկու տարի ՀՀԿ-ի համար «հաղթանակներ» ապահովի եւ վերադառնա կամ աշխատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ աստիճանում»:

Հարցին՝ ի՞նչ փոխվեց 2014-ից մինչ այս պահը, որ Սերժ Սարգսյանը փոշմանեց եւ որոշեց, որ պետք է ինքն աշխատի վարչապետ, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ մեկուկես-երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ դեռ չի կողմնորոշվել: Նա ենթադրում է, որ այն մարդը կամ մարդիկ, որոնց ի նկատի ուներ ինքն այդ պաշտոնի համար, չհամապատասխանեցին Սերժ Սարգսյանի չափանիշներին կամ պետական գործիչ չդարձան:

Խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին, որն հուրախություն շատերի՝ վերջերս վավերացվեց Հայաստանի խորհրդարանում, բանախոսն ասաց. «Այդ ուրախությունը կարող է կարճ տեւել, եթե հայկական իշխանությունները որոշեն նորից զբաղվել իմիտացիոն գործողություններով: Ոչ ոք մեզ չի պարտադրել նշել համաձայնագրում ամրագրված կետերը, դա եղել է բանակցային գործընթացի արդյունքում՝ ՀՀ-ի համաձայնությամբ եւ գիտակցությամբ: Նույնիսկ ամենածույլ հանրապետականը խոսում է, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարենք, արդարություն պետք է լինի, որ տնտեսությունը պետք է զարգանա, օրենքը արդար ձեւով գործի բոլորի համար հավասար: Այս ամենը նշված է համաձայնագրում: Ընդ որում՝ ԵՄ-ն պատրաստ է թե իր հարկատուների գումարները ծախսելով, թե խորհրդակցական տարբերակով օգնել, որպեսզի Հայաստանը մոտենա այդ չափանիշներին: Հաշվի առնելով ժողովրդի իրավիճակը եւ տարածաշրջանի լարվածությունը, այդ չափանիշները մեզ պետք են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30