«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական շենքի մուտքի առաջ տեղադրված ամբիոնի մոտ: «Այսօր շատ է հնչում միտքը, որ եթե Սերժ Սարգսյանը չղեկավարի ՀՀ-ն, Արցախյան հակամարտության խնդրի շուրջ կունենանք ձախողումներ եւ բացի իրենից չկա այլ մարդ, որը կկարողանար զբաղվել խնդրի լուծմամբ: Մինչդեռ նա ձախողվել է»,-հայտարարեց նա:
Զարուհի Փոստանջյանը զինվորականներին կոչ հղեց՝ ասելով. «ՀՀ-ում իշխանության յուրացման հետեւանքով զինված ուժերը քաղաքական հարցերում չեն պահպանել չեզոքություն եւ ապօրինի գործողություններ են իրականացրել 1996 եւ 2008թթ.-ին: Մեր բռնակալական ռազմական հայեցակարգը մերժել է սեփական արտադրության զենք ունենալու հնարավորությունը, Ադրբեջանից զենքերի առգրավումը, Նախիջեւանը, բանակը ժամանակակից սպառազինությամբ համալրելը»:
ԵԾ կուսակցության ղեկավարի համոզմամբ՝ ապրիլյան ռազմական գործողությունները վկայում են քաղաքական դավաճանության մասին. «Այդ դեպքերը ցույց տվեցին մեր ռազմաքաղաքական ղեկավարության ապաշնորհությունը, ինչի պատճառով այսօր ազգը խուսափում է զինվորագրվելուց: Զինվորական դառնալը դարձել է ոչ հրապուրիչ: Պատճառը՝ զինվորականները պաշտպանված չեն, նրանք չեն ստանում արժանի վարձատրություն եւ նրանց արգելել են իրականացնել կանխարգելիչ եւ ազատագրական ռազմական գործողություններ»:
Փոստանջյանն ընդգծեց՝ իրենք խոնարհվում են զինվորականների առաջ, բայց պահանջում են հետամուտ լինել, որպեսզի պաշտպանողական ռազմական դոկտրինի փոխարեն նորը մշակվի. «Արցախը եւ Հայաստանը պետք է միավորվեն ու դառնան մեկ ռազմաքաղաքական միավոր: Արցախապատկան հողերը պետք է դադարեցնել սակարկման եւ առեւտրի առարկա դարձնելը»:
Զարուհի Փոստանջյանը նաեւ նշեց, որ Արցախի հարցում փոխզիջումների մասին դրական արտահայտվողների հանդեպ պետք է քրեական հետապնդում իրականացվի, իսկ զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական գործունեության մեջ, իսկ հարկ եղած դեպքում՝ կանգնեն ժողովրդի կողքին եւ մեկուսացնեն «աղբը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ