Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շիրխանյանի ճնշումը կտրուկ բարձրանում է, դեղ են տալիս, որ հանկարծ չմահանա». պաշտպան

Ապրիլ 13,2018 12:19

2015թ. Նորք Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով հերթական դատական նիստն այսօր չկայացավ. ամբաստանյալներին դատարան չէին բերել: Հիշեցնենք, որ խմբի անդամները մեղադրվում են  հանցավոր համագործակցություն ձեւավորելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու-փոխադրելու, իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար: Գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձգձգումները բացասաբար են ազդում ամբաստանյալների առողջական վիճակի վրա:

«Այս գործով այն մեղադրյալները, որոնք ազատության մեջ են, անգամ իրենք են ծանր տանում ձգձգումները, դե պատկերացրեք՝ կալանավորվածների վիճակը: Այս հետաձգումները վկայում են այն մասին, որ պետք է վերանայել խափանման միջոց կալանքի հարցը, քանի որ պետությունը չի կարողանում ապահովել դատավարության արագ ընթացքը»,-համոզմունք հայտնեց պաշտպանը:

Հայկ Ալումյանը հայտնեց, որ Շիրխանյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը կրկին կբարձրացնի առաջիկա նիստերում: Ինչ վերաբերում է Շիրխանյանի առողջական վիճակին, Ալումյանի խոսքով. «Բարեբախտաբար, կտրուկ վատթարացումներ հիմա չկան, բայց բանը հասավ նրան, որ առողջականը վատ վիճակում է կայունացել: Նրան չեն առաջարկում մի հնարավորություն, որով վիճակը կկայունանար: Ճնշումը կտրուկ բարձրանում է, դեղ են տալիս, որ հանկարծ չմահանա: Այդպես չէ կարգը. պետք է պարզել, թե ինչու է ճնշումը տատանվում, ինչու նա չի կարողանում քայլել, ինչու սրտի հետ կապված խնդիրներ ունի»:

Հիշեցնենք՝ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա տեր Անտոն Դիկրան Թոթոնջյանի եւ նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի, նաեւ՝ Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը: Ըստ մեղադրանքի՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով ՀՀ-ում իշխանությունը զավթել բռնության գործադրմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30