Չեն փոխվել նաեւ ավանդույթները, որոնք, ինչպես ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ, հիմնադրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հենց նա իր առաջին արտասահման այցըՙ նախագահի պաշտոնում, կատարեց Ռուսաստան, որից հետո Ռոբերտ Քոչարյանը եւս իր առաջին օտարերկրյա այցն իրականացրեց դեպի Ռուսաստան, որից հետո էլ Սերժ Սարգսյանը արտասահմանյան երկրներից առաջինը եղավ Ռուսաստանում եւ հիմա, ինչպես ասել է նախագահ Արմեն Սարգսյանը , ինքը եւս չի խախտելու ավանդույթը եւ առաջին օտարերկրյա այցը կատարելու է Ռուսաստան: Ընդ որում, այս մասին Արմեն Սարգսյանը հայտարարել էՙ նախագահի կարգավիճակում իր առաջին հարցազրույցի ժամանակ, երբ հանդիպել էր մի խումբ… ռուսաստանցի լրագրողների:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը, որն, ի դեպ, ի տարբերություն Բաղրամյան 26-ի ու նախագահական ինքնաթիռի, Սերժ Սարգսյանն իր հետ կառավարություն չի տարել եւ չի տանելու, «նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 10-ին հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք Հայաստանում են նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով»: Թե ինչո՞ւ է նախագահ Սարգսյանը որոշել հյուրընկալել միայն ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այլ ոչՙ ասենք միջազգային, ինչո՞ւ ՀՀ նորընտիր նախագահն իր առաջին հարցազրույցը ՀՀ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին չտվեց, կարծում եմ կրկին ավանդույթի հարց է:
Բանն այն է, որ հայաստանյան լրատվամիջոցներին հարցազրույց տալու մեծ ցանկություն ՀՀ նախագահներից ոչ մեկը չի ունեցել եւ չունի: Այս առումով որոշակիորեն տարբերվում էր Ռոբերտ Քոչարյանը, բայց նա էլ հիմա հարցազրույցներ տալիս է միայն այն լրատվամիջոցներին, որոնց մասին ասում են, թե «Քոչարյանինն են»: Այնպես որ, կարող ենք արձանագրել. Հայաստանի բոլոր նախագահները՝ սկսած հիմնադրից, վերջացրած չորրորդով, կա՛մ չեն վստահում հայաստանյան՝ թեկուզ առաջատար լրատվամիջոցներին, կա՛մ էլ վախենում են նրանցից: Ավանդաբար:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում