Կարեն Կարապետյանի խոսքերից կարելի է մի քանի եզրահանգում անել:
ա) Նախ և առաջ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն ավելի հետին պլան մղեցին հանրապետականներին, հասկացնելով, որ քաղաքական որոշումները իշխանական վերնախավում երկուսով են ընդունում։ Ոչ թե ՀՀԿ-ականների պահանջով, խնդրանքով կամ կուսակցական դիսցիպլինայից ելնելով են որոշումները կայացվում, այլ երկուսի նպատակահարմարությունից ելնելով։
բ) Կարեն Կարապետյանն իր խոսքում չնշեց, թե Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ, շեշտեց «առաջին դեմք» եզրույթը։ Սերժ Սարգսյանն այսպիսով ստացավ «պետության հոր» կարգավիճակ։ Դրանով իսկ ակնարկվեց, որ Կարեն Կարապետյանը մնալու է գործադիրի ղեկավար։
գ) Ըստ էության, Կարեն Կարապետյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը զբաղվելու է նրանով, ինչով զբաղվում էր մինչ այժմ, պարզապես վարչապետի կարգավիճակում, իսկ ինքը` որպես հաջողած կառավարության ղեկավար, շարունակելու է մնալ գործադիր իշխանության դեֆակտո ղեկավար։
Կարեն Կարապետյանն իր հակիրճ խոսքում արձանագրեց այս հիմնական առանցքները։ Սակայն ավելացնենք ևս մեկ կարևոր նրբություն։ Կարեն Կարապետյանը շեշտեց՝ որպեսզի կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցումը սահուն ու անցնցում լինի, անիմաստ է որևէ փոփոխություն անելը։ Ըստ էության, բոլորն անմիջապես հասկացան Սերժ Սարգսյանի հետ փոխհամաձայնեցված ակնարկը. այս ամենը արվում է անցումային շրջանի համար։ Կոնկրետ որքան կտևի անցումային ժամանակաշրջանը, այս պահին պարզ չէ։
Կարող ենք նաև արձանագրել, որ եղած կոնֆիգուրացիայի պահպանումը նշանակում է, որ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ իշխանության եթե ոչ ժառանգորդի գլխավոր թեկնածուն, ապա առնվազն գոնե այդ մրցավազքի առաջատարներից մեկը։ Առաջնահերթությունների մեջ ոչինչ չի փոխվել, և եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անցումային փուլն ավարտվելուց հետո, շատ հնարավոր է, նորից առաջին պլան մղվի Կարեն Կարապետյանի՝ որպես ապագա վարչապետի դիտարկման հարցը։
Ամեն դեպքում այս պահի դրությամբ Կարեն Կարապետյանի կողմից մենք ստացանք այս 3-4 հստակ ուղերձները։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում