Ռոզա, Էմմա եւ Գայանե Ծառուկյանները ներկայացրել են 2017 թ․ տարեկան հայտարարագրերը: Դատելով դրանցից՝ Ծառուկյանի դուստրերից մեծահարուստն Արգամ Աբրահամյանի կինն է՝ Էմման, ով, ինչպես հայտնի է, ակնաբույժ է աշխատում Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում: Ծառուկյանը դստեր համար վերանորոգել է կլինիկայի մի մասը, համալրել վերջին սերնդի գերթանկարժեք սարքավորումներով: Ու եթե չլիներ Էմմա Գագիկովնան, կլինիկան, թերեւս, կերազեր ունենալ այն, ինչ այժմ ունի:
Ինչեւէ, անդրադառնանք Ծառուկյանի ակնաբույժ, հետն էլ գեղեցկուհի, մեծահարուստ դստեր տարեկան հայտարարագրին․ Էմմայի դրամական միջոցները թե՛ հաշվետու տարվա սկզբին, թե՛ տարեվերջին կազմել են 300 միլիոն դրամ, 850 հազար եվրո եւ 1 մլն 198 հազար դոլար:
Է. Ծառուկյանը նաեւ հայտարարագրել է աշխատավարձը, որը կազմել է 3 մլն 584 հազար 857 դրամ: Ինչ վերաբերում է Ծառուկյանի մյուս դստեր՝ Ռոզա Ծառուկյանի 2017 թ. տարեկան հայտարարագրին, ապա այն քրոջ հայտարարագրի համեմատ բավականին համեստ է: Գուլոյանի կինը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմում են 17 մլն դրամ եւ 44 հազար դոլար: Ռոզա Ծառուկյանը որեւէ եկամուտ չի հայտարարագրել:
Իսկ, ահա, Դավիթ Մանուկյանի տիկինը՝ Գայանեն, հանձնաժողով ներկայացրված հայտարարագրում ոչինչ չի հայտարարագրել, բայց նրան չքավոր անվանելը, թերեւս, ֆանտաստիկայի ժանրից կլինի:
Ծառուկյանի չորրորդ դուստրը՝ Անահիտը, որն ամուսնացած չէ դեռեւս, որպես հորը փոխկապակցված անձ, նույնպես հայտարարագիր է ներկայացրել․ որպես եկամուտ՝ հայտարարագրել է աշխատանքի կամ դրան հավասարեցված այլ վճար, որը կազմում է 56 հազար 600 դրամ:
Երկու որդիների՝ Նվեր եւ Հովհաննես Ծառուկյանների հայտարարագրերում նույնպես զրոյական վիճակ է՝ ո՛չ շարժական կամ անշարժ գույք, ո՛չ դրամական միջոց, ո՛չ էլ եկամուտ: Հայր Ծառուկյանը, փաստորեն, չի շտապում իր հետ փոխկապակցված երեխաների անունով գույք կամ այլ միջոցներ գրանցել, որ փողի «ղադրն» իմանան:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում