Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականություն եւ ակցիաներ

Ապրիլ 13,2018 10:20

Քաղաքական պայքարը բաժանվում է երկու մասի՝ հիմնական եւ օժանդակ։ Հիմնականը՝ տարբեր հարթակներում (նաեւ հանրահավաքներում) ծրագրեր, նպատակներ, գաղափարներ հնչեցնելն է՝ դրանցով ընտրողներին, քաղաքացիներին շահագրգռելը, մոբիլիզացնելը։ Օժանդակը՝ զանազան ակցիաներն են, ինչպես հիմա ընդունված է ասել՝ ֆլեշմոբերը:

Օրինակ՝ 88-ին «Ղարաբաղ» կոմիտեն բացատրում էր Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց, որ Գերագույն խորհուրդը պետք է ընդունի այսինչ որոշումը՝ դա քաղաքականություն էր։ Հանրահավաքից հետո «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվիստները գնում էին այն պատգամավորների տները, որոնք, ենթադրաբար, այս որոշման դեմ պիտի քվեարկեին ու դռան մոտ խոտ էին լցնում՝ ցույց տալու համար, որ այդ պատգամավորները խոտակեր են: Դա ակցիա էր, ֆլեշմոբ։ (Այսօր նման ակցիա, հավանաբար, հնարավոր չէ իրականացնել՝ պատգամավորներից շատերի թիկնազորը սովորական քաղաքացիներին 100 մետր իրենց տան դռան մոտ չի թողնի)։

Ակցիաները որպես օժանդակ միջոց արդյունավետ են այն դեպքում, եթե՝

ա/ ունեն քաղաքական բովանդակություն,

բ/ կան այդ բովանդակությունը կիսող տասնյակ հազարավոր մարդիկ։

«Այս իշխանությունը վատն է, ուզում ենք լավ, ազնիվ, ազգին նվիրված, ժողովրդի մասին մտածող իշխանություն»՝ դա քաղաքական բովանդակություն չէ, դա պարապ խոսակցություն է, որն իսկապես 26 տարի շարունակ վարում են տասնյակ հազարավոր մարդիկ, բայց այդ պարապ խոսակցությունները հնարավոր չէ «կոնվերտացնել» լուրջ քաղաքական հաջողության մեջ։

Բայց լինում է, որ ակցիաները քաղաքական բովանդակություն չեն պարունակում։ Օրինակ՝ փակել արագաչափերը՝ ո՞րն է այստեղ բովանդակությունը: Հավանաբար, հետեւյալը. անպատիժ քշեք, ժողովուրդ ջան, 120-ի վրա, ձեզ ոչ մեկը չի տուգանի: Արագաչափերը, ինչպես հայտնի է, պոպուլիստների ամենասիրելի թեման են՝ դրանց առկայությունը «քլնգելը» անկարգ վարորդների սրտով է։ Բայց վնասել արագաչափերը, իմ կարծիքով, առնվազն թեթեւամտություն է՝ իսկ եթե դրանց տեղակայման վայրում վարորդներին կամ ուղեւորներին որեւէ բան պատահի… Աստված մի արասցե, իհարկե։

Խորհրդարանում գունավոր ծուխ անելը, նպատակ ունենալով, որ ՀՀԿ-ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին կամ չքվեարկի նրա օգտին, նույնպես, կարծում եմ, մանկամտություն է։ Թող ներեն ինձ անչափ համակրելի երիտասարդ պատգամավորները, բայց մի՞թե նման ակցիայով հնարավոր է ազդել պատգամավորների որոշման վրա՝ այն պարագայում, երբ, կրկնեմ, հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ չեն հավաքվել:

Ճիշտն ասած, երբ «Ելքը» ստեղծվում էր, ես հույս ունեի, որ այդ դաշինքը չի գնա ԱԺՄ-ի, ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» ճանապարհով։ Համենայնդեպս, նրանք այդպես էին հայտարարում։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    Կլինի արդար, եթե Կարեն Դեմիրճյանի (հայ քաղաքական և պետական գործիչ, 1974-1988 թթ. Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար) ծննդյան օրը օրը, հրապարակում, «ինկվիզիցիայի» ենթարկեն մարդասպաններին (ահաբեկիչներին)՝ Նաիրի Հունանյանին, Կարեն Հունանյանին ու Դերենիկ Բեջանյանին:
    Միեւնույնն է, քանի դեռ կան Սերժ Սարգսյանը, նրա նախորդները
    եւ դրանց կամակատարները՝ պատվիրատուն կմնա անհայտ:
    Հիշեցնեմ, որ 1922 թ. Ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաներին ծովում խեղդել) և «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիրներից Բեհաեդդին Շաքիրին:
    Դրանք կարելի է անվանել քաղաքական գործողություններ:

  2. Artur Lazarian says:

    Երբ կարդացի «Այսօր նման ակցիա, հաւանաբար, հնարաւոր չէ իրականացնել», մտածեցի, թէ պատգամաւորներն այլեւս խոտ չեն ուտում,,

  3. Չեմ կարծում, որ որևէ մեկը այնքան միամիտ է, թե կարծում է՝ Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի կողմից ԱԺ-ում գումավոր ծուխ բաց թողնելու նպատակը ԱԺ պատգամավորների որոշման վրա ազդելն էր։ Դրա արդյունքում որոշ ԶԼՄ-ներ մի կադր ցույց տվեցին և որոշակի ինֆո տրամադրեցին հանրությանը, որի առջև պատասխանատվություն և պարտավորություն ունեն, բայց մոռացել են դրա մասին։ Ինչ վերաբերում է տեսախցիկները փակելուն, ապա մի քանի անգամ հայտարարվել է, որ դրանք հակագործողություններ են՝ ակտիվիստների հանդեպ ոստիկանության կողմից անօրինական քայլերի։ Իսկ տեսախցիկները հաստատ չեն սանձում նրանց, ովքեր իրենց կարող են թույլ տալ տույժ վճարել և սլանալ քամու արագությամբ, թքած ունենալով ամեն ինչի վրա։ Բայց դրա փոխարեն ակցիաների արդյունքում մարդիկ կարող են հասկանալ, որ օրենքը կարող են իրենք թելադրել և իրենք են կանոնները որոշողը, և երբեմն էլ այդ կանոնները կարող են խախտել, ավելի մեծ փոփոխություն բերելու և քաղաքացիների շահերը պաշտպանելու համար, բացառելով բռնությունը մարդու հանդեպ։

  4. Հ.Շ. says:

    «Օրինակ՝ 88-ին »… Բայց դա երեսուն տարիներ առաջ էր ! Երբ որ դեռ Հայաստանը գերիշխան Պետութի՛ւն իսկ չունէր տակաւին… Էն վախտը, իսկական, միացեալ եւ միաբերան, կարգին յեղափոխութիւն է որ տեղի կ’ունենար: Յոռեգոյն պատկերացումով անգամ, լրջօրէն, կարելի չէ ասել թէ տակաւին այդ հանգրուանին կը գտնուինք:

    Ազգային Ժողովը, որ կը կոչուի նաեւ Խորհրդարան, անկախաբար նրա աթոռների վրայ բազմած անհատներից՝ Պետութեան բարձրագոյն մակարդակի հիմնարկութիւն (institution) մըն է: Պատգամաւորները ժամանակաւոր են, Ազգային Ժողովը, որպէս Պետութեան էական բաղադրիչ, մնայուն ու յաւերժական է:

    Այսպիսի միմոսութիւններ այդ հիմնարկութիւնն է որ կ’արժեզրկեն, կը վարկաբեկեն ու կը խայտառակեն, բառացիօրէն կրկէսի կը վերածեն: Հայոց Պետութիւնն է որ այս անիմաստ եւ անվայել երեխայութիւնների պատճառով վնաս կը կրէ, եւ ոչ թէ այս կամ այն քաղաքական կազմը, այս կամ այն անհատը:

    Այսքան նախնական, տարրական բան իսկ չհասկացած անձե՞ր են, որոնք իբրեւ թէ պիտի «սրբագրեն», բարելաւեն Հայաստանի հանրային կարգերը…

    Յետոյ ալ կը զարմանան եւ կը զայրանան թէ, համայն Հայութեան լուռ մեծամասնութեան հաւանութեամբ, միեւնոյն անձերը հարկադրուած են երկրի ղեկը իրենց պատասխանատւութեան տակ պահելու, պահպանելու… Հաբա ի՞նչ անեն, ծաղրածուների՞ յանձնեն զայն…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30