Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյանը «Հոկտեմբերի 27»-ի մասին բացահայտումներ է խոստանում

Ապրիլ 13,2018 15:30

ՀԱՍԿ նախագահը պատրաստ է փաստաթղթերով ապացուցել՝ 1998-ի ընտրություններում Կարեն Դեմիրճյանն առաջին փուլում հաղթել էր

«ՀՀԿ-ականները թող լավ հիշեն՝ եթե 1998 թվականին չլիներ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի դաշինքը, ՀՀԿ-ն երազում չէր տեսնի այսօրվա մոնոլիտ իշխանությունն իր ձեռքին: Բայց եթե մտածում են, թե այսպես պիտի շարունակվի՝ չարաչար սխալվում են: Նրանք պետք է բաց հաշվարկ կատարեն՝ ի՞նչ կկատարվի, եթե իրականում բացահայտվեն «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված բոլոր հանգամանքները: Ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք այնպիսի հանգամանքներ ի հայտ բերեն, ինչը առաջացնի նոր նախաքննության եւ դատաքննության անհրաժեշտություն:

ՀՀԿ-ն, համենայնդեպս, բարոյական պատասխանատվություն է կրում. սպանվել են նրանց առաջնորդը եւ այն մարդիկ, ովքեր իրենց իշխանության են բերել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը: Ինքը որոշել է բացահայտել ճշմարտությունը. «Հանրապետությունում շատ մարդիկ կան, որոնք քաջատեղյակ են, բայց լռել են մի պատճառով՝ որ չխաթարվի հանրապետության կայունությունը, անվտանգությունը, պետության հեղինակությունը: Հիմա եկել է ժամանակը, որ ժողովուրդը իմանա ողջ ճշմարտությունը եւ կայացնի իր որոշումները»: Ասում է՝ ժողովուրդն այսօր պասիվ է մեկ պատճառով՝ ոչ ոք մարդկանց ճշմարիտ խոսք չի ասում, բոլորը փորձում են ժողովրդին ինչ-ինչ նպատակների համար օգտագործել: Նա հեգնանքով է վերաբերվում ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե ժողովուրդն իրենց մանդատ է տվել՝ մինչեւ չգիտեմ որ թվականը պաշտոնավարելու: Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ եւ 1998 թվականի արտահերթ, եւ 2003 թվականի հերթական ընտրություններին մասնակցել է մոտ 1 միլիոն 450 հազար մարդ: Արդեն հետագայում՝ 2008 եւ 2012 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը մասնակցում էր ընտրություններին, պաշտոնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցում էր 1 միլիոն 680 հազարի կարգի մարդ:

Որտեղի՞ց այդ 230 հազարի կարգի ընտրողները հանկարծ ավելացան բնակչության թիվն անընդհատ պակասող երկրում՝ հարցնում է ՀԱՍԿ նախագահը: Բայց սա՝ իմիջիայլոց: Հիմնական բացահայտումը հետեւյալն է. «1998 թվականի ընտրություններում Կարեն Դեմիրճյանն իրականում ստացել էր ընտրողների շուրջ 52 տոկոսի ձայները: Դա մոտ 750 հազար ձայն էր: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Այսինքն՝ իրականում առաջին փուլում հաղթել էր: Այդ տվյալների պաշտոնական արձանագրությունները՝ կնքված եւ ստորագրված, եղել են մասնակից ընդդիմադիր թեկնածուներից մեկի շտաբում: Անունը անհրաժեշտության դեպքում կտամ»,- ասում է Մովսես Շահվերդյանը՝ հավելելով, որ այդ թեկնածուի շտաբի պետը հաջորդ օրն անձամբ է զանգահարել իրեն, հրավիրել իրենց շտաբ եւ ցույց տվել այդ արձանագրությունները:

Նա նաեւ Կարեն Դեմիրճյանին համագործակցության առաջարկ է արել՝ ասելով, որ պատրաստ են հրապարակել իրենց ձեռքի տակ եղած արձանագրությունները: Մովսես Շահվերդյանն ասում է, որ Կարեն Դեմիրճյանի շտաբն առաջին փուլում չէր հասցրել բոլոր տեղամասերում վստահված անձինք նշանակել, այդ պատճառով այդ տվյալներն իրենք չունեին: «Իրենց առաջնորդը պետք է հանդիպեր Կարեն Դեմիրճյանի հետ, որպեսզի պայմանավորվեին հետագա համագործակցության շուրջ: Բայց պայմանավորվածությունը չկայացավ՝ ինչ-ինչ պատճառներով: Անհրաժեշտության դեպքում ես հետո եւ մանրամասն կասեմ: Մենք գնացինք ընտրությունների երկրորդ փուլ:

Սա ես պատահական չեմ ասում. երբ երկրորդ փուլ դուրս եկան Կարեն Դեմիրճյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, Քոչարյանի շտաբում, բնականաբար, լավ գիտեին առաջին փուլի արդյունքները, եւ ինչ որ կատարվեց առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ ընկած օրերին, ճակատագրական նշանակություն ունեցավ մեր հանրապետության հետագա ողջ ընթացքի համար»,- ասաց Մովսես Շահվերդյանը: Խոսքը եւ կուլիսային, եւ հրապարակային գործողությունների մասին է: Հարցին՝ եւ ի՞նչ եղավ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եվ եղավ Հոկտեմբերի 27»:

Հիշեցնենք, 1998 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցում էին նախագահի 12 թեկնածու: Այդ ընտրությունների առաջին փուլի պաշտոնական արդյունքներով՝ Կարեն Դեմիրճյանը ստացել էր 30,67 տոկոս ձայն, Ռոբերտ Քոչարյանը՝ 38,7 տոկոս: Եռյակը սահմանափակում էր Վազգեն Մանուկյանը՝ 12,2 տոկոս ձայներով: Հիշեցնենք նաեւ, որ Կարեն Դեմիրճյանը որոշեց քաղաքականություն վերադառնալ 1998 թվականին: Իսկ 1997-ին նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կարեն Դեմիրճյանի վերադարձը քաղաքականություն ապահովեց ՀԱՍԿ կուսակցությունը:
Հարցին՝ ե՞րբ կլինեն բուն բացահայտումները, Մովսես Շահվերդյանը պատասխանեց. «Ոչ ոք չի ցանկանում պետությանը կամ ինչ-որ մեկին վնաս տալ, բայց ամեն ինչ իր չափն ունի, գոյություն ունի կարմիր գիծ, որը ոչ ոք իրավունք չունի փակելու: Չեմ ուզում ասել՝ նախազգուշացում եմ անում, բայց բոլոր բանական մարդիկ հաշվարկներ անում են՝ ինչն ինչի կհանգեցնի: Առաջիկա օրերին բոլորը թող ճշգրիտ հաշվարկներ անեն՝ ի՞նչ իրավիճակ կարող է առաջանալ թե իրենց, թե պետության, թե ժողովրդի համար, քանի որ անընդհատ խոսում են ժողովրդի շահից: Ես ուզում եմ զգուշացնել, որ հանկարծ չմտածեն էդ կրակոցների սիրահարները, որ կարող են հիմա քայլ անել: Մենք էլ ամեն ինչ նախատեսել ենք: Անպայման ապահովության քայլեր կանենք՝ այն մարդկանց համար, ում զգանք, որ վտանգ է սպառնում: Ուղղակի ուզում եմ, որ բանականությունն այս պահին հաղթեր՝ հավակնություններին, իշխանամոլությանը, փողամոլությանը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

12.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30