Լրահոս
Օրվա լրահոսը

Արցունքաբեր գազից, ռետինե փամփուշտներից, ջրցան մեքենաներից ու ծանր սպառազինությունից ինչպես պաշտպանվել

Ապրիլ 13,2018 15:00

«Փորձը ցույց է տալիս, որ ապստամբությունները կառավարելու, ամբոխը ցրելու եւ անհատներին ճնշելու համար ուժային կառույցների կողմից հիմնականում օգտագործվում է արցունքաբեր գազ: Այն նախատեսված է ցավ պատճառելու համար: Գազի ազդեցությունը ժամանակավոր է: Ախտանիշների մեծ մասը թեթեւանում է գազի կիրառումից հետո մի քանի ժամվա ընթացքում: Եթե կարծում եք, որ հնարավոր է` արցունքաբեր գազ կիրառեն, կարող եք խոնավ, թաց թաշկինակ պահել քթի եւ բերանի մոտ` վրան քամելով լիմոնի հյութ կամ խնձորի քացախ: Ձեզ մոտ տուփ պահեք լիմոնի մզվածքի եւ խնձորի քացախի մեջ թաթախված թաշկինակով կամ թղթե սրբիչով: Կտրտած սոխի հոտը շնչելը նույնպես կարող է օգնել»,- արցունքաբեր գազից եւ պատերազմական իրավիճակներում պաշտպանվելու խորհուրդներ է տալիս «Լրագրողների անվտանգությունը» ձեռնարկը, որը լրագրողների համար պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:

Ձեռնարկի անհրաժեշտությունն առաջացել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ պարզ է դարձել, որ լրագրողների անվտանգությունը Հայաստանում լուրջ ուշադրության կարիք ունի: Ձեռնարկում ներկայացված են հակամարտությունների եւ արտակարգ իրավիճակների լրատվության միջազգային ու տեղական փորձը, լրագրողների անձնական պատմությունները:

Երբե՛ք մի կրեք կոնտակտային ոսպնյակներ այն վայրում, որտեղ կարող է արցունքաբեր գազ լինել

Ըստ ձեռնարկի` արցունքաբեր գազը սովորաբար կիրառվում է նռնակի տեսքով, որը տեղադրվում է զենքի փողին եւ կրակոցի միջոցով արձակվում զենքից. «Այդ պատճառով գազի կիրառման ժամանակ դուք կարող եք կրակոցի ձայներ լսել: Մի՛ ենթադրեք, որ ձեզ վրա կրակում են: Ուշադիր եղեք եւ խուսափեք նռնակի ուղղությունից: Արցունքաբեր գազով նռնակները հաճախ պայթում են օդում` արձակելով մետաղյա տարա, որը տարածում է գազը: Պայթյունից հետո արցունքաբեր բալոնին մի դիպչեք. այն դեռեւս կարող է պայթել եւ վնասվածք պատճառել: Արցունքաբեր գազից ամենալավ պաշտպանությունը դիմակ կրելն է, բայց եթե դիմակ չունեք, կան գործողություններ, որոնք կարող են նվազեցնել վնասները: Արցունքաբեր գազի կիրառման դեպքում դիրքավորվեք քամու ուղղությանը հակառակ: Եթե գազն արդեն հարվածել է ձեզ, փախեք որքան կարող եք արագ` փորձելով քիչ շնչել: Խուճապի մի մատնվեք: Դրանով դուք ավելի կդժվարացնեք շնչելը, ավելի մեծ քանակությամբ ծուխ կկլանեք, եւ ավելի ցավոտ կլինի»:

Մասնագետները խորհուրդ են տալիս մի քանի շերտ հագուստ հագնել, երբ հագուստի մի շերտը կկլանի ծուխը, ապա պետք է ազատվել դրանից. «Փորձեք վրայից անջրանցիկ հագուստ` անձրեւանոց հագնել: Կարող եք օգտագործել աղբի տոպրակներ, եթե այլ հնարավորություն չկա: Սուզվելու համար նախատեսված ակնոցը հրաշալի պաշտպանության միջոց է, եթե քիմիական նյութերից պաշտպանվելու ակնոց չունեք, կարող եք հեշտ կրվող ջրային ակնոց օգտագործել: Երբե՛ք մի կրեք կոնտակտային ոսպնյակներ այն վայրում, որտեղ արցունքաբեր գազ կարող է լինել: Եթե կրում եք, անմիջապես հանեք, քանի որ դրանք կվնասեն աչքերը: Եթե ակնոց կամ որեւէ տեսակի դիմակ չունեք, կարող եք շնչել ձեր վերնաշապիկի ներսի օդը, քանի որ այնտեղ ավելի քիչ օդաշրջանառություն կա, հետեւաբար գազի ավելի քիչ կուտակում կլինի: Բայց դա կարող է քիչ արդյունավետ լինել, եթե գործվածքն արդեն կլանել է գազը»:

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս դիմահարդարված չգնալ, քանի որ դա էլ կխթանի գազի ազդեցությունը:

Ռետինե փամփուշտներից ու ջրցան մեքենաներից ինչպես պաշտպանվել

Ինչպես պաշտպանվել ռետինե փամփուշտներից, որոնք նույնպես հաճախ են կիրառվում ոստիկանության կողմից: Եթե չեք կարող վազել կամ թաքնվել որեւէ տեղ, ոստիկանությանը մեջքով շրջվեք, ծնկի իջեք, իջեցրեք գլուխը եւ պաշտպանեք դեմքը: Ձեր ուսապարկը կարող է որպես ծածկ ծառայել:

Ջրցան սարքերից պաշտպանվելու ձեւն էլ են ասում` եթե դրանք գործի դրվեն, շրջվեք, կծկվեք ներքեւ, փակեք աչքերը եւ վրանի պես մի բան ստեղծեք քթի եւ բերանի մոտ, որպեսզի շնչելու օդ լինի: Նկատի ունեցեք, որ ջուրը կարող է ձեզ քշել: Աշխատեք թիմի հետ եւ մտովի կազմեք ձեր փախուստի ճանապարհի քարտեզը, եթե ամեն ինչ անբարենպաստ դասավորվի:

Հիշե՛ք, թեժ կետերում մեդիայի ներկայացուցիչներին չի՛ կարելի հագնել զինվորական արտահագուստ

Ինչ վերաբերում է պատերազմական իրավիճակներին, ապա մասնագետները խորհուրդ են տալիս նախ` լինել իրազեկված, քանի որ կարողանալով ճիշտ գնահատել զինվորականների գործողությունները եւ կիրառվող զենք ու զինամթերքի հնարավորությունները` լրագրողները հիմնականում կարող են խուսափել վնասվածքներից:

Թեժ կետերում հայտնվելուց առաջ պետք է հիշել, որ մեդիայի ներկայացուցիչներին չի կարելի հագնել զինվորական արտահագուստ: Տեսախցիկները հակառակորդի կողմից կարող են ընկալվել որպես զենք: Տեսախցիկի օբյեկտիվը, ակնոցը, գոտու մետաղական հատվածը, լաքապատ կաշվե իրերը, ժամացույցները կարող են արեւի լույսն արտացոլել եւ անհարկի ուշադրություն հրավիրել: Լուսանկարչական սարքի լուսարձակումը կարող է ընկալվել որպես կրակոց: Նկարահանող սարքերի լույսերը կարող են նկատելի լինել մթության մեջ նույնիսկ մեծ հեռավորությունից: Վառած ծխախոտը նշանառուների համար հարմար թիրախ է: Եթե ձեզ ուղեկցում են պաշտպանական բանակի ներկայացուցիչներ, ապա պետք է հետեւել անվտանգության վերաբերյալ նրանց ցուցումներին:

Բոլոր այն զենքերը, որոնք օգտագործվում են ձեր մոտակայքում, նախատեսված են սպանելու համար

Մասնագետներն ասում են, որ ծանր սպառազինություններից խորհուրդներ տալը դժվար է, քանի որ կան դրանց օգտագործման բազմաթիվ համակարգեր եւ զենքի տեսակներ՝ իրենց ուրույն բնութագրով: Պետք է հիշել, որ բոլոր այն զենքերը, որոնք օգտագործվում են ձեր մոտակայքում, նախատեսված են սպանելու համար, ուստի ամենալավ պաշտպանությունը հրետանու ռմբակոծության վայրից հեռու լինելն է: Այսինքն` պետք է մոտ չլինել ակնհայտ թիրախներին: Բաց տարածքի տեղանքը, ուր ընկնում է ռումբը, ամենակարեւոր գործոնն է պայթյունի ժամանակ: Կոշտ գետնի վրա պայթյունը տեղի կունենա անմիջապես գետնի, իսկ փափուկ գետինը մի փոքր կզսպի պայթյունը եւ կնվազեցնի բեկորների տարածումը: Կոշտ գետնի վրա պայթյունը նաեւ կխփի մի փոքր դեպի վերեւ` ցրելով բեկորները: Լինի կոշտ թե փափուկ գետնի վրա՝ անհապաղ գործողությունը պետք է լինի ուղիղ պառկելը: Եթե մոտակայքում` 4-5 մետր հեռավորության վրա, փոս կամ խորություն կա, այն պետք է օգտագործել: Մեծ սխալ է նման դեպքում վազելը. կանգնած դիրքում գտնվողին` անկախ վազելու հանգամանքից, պայթյունն առաջինն է հարվածում:

Անօդաչու սարքերը կարող են օդում մնալ մինչեւ 17 ժամ

Անօդաչու թռչող սարքերը, ըստ ռազմական փորձագետների, կարողանում են իրականացնել ավիացիային բնորոշ բոլոր գործառույթները` բացառությամբ մարտադաշտից վիրավորների դուրս բերման եւ փոխադրման: Անօդաչուներն օգտագործվում են հիմնականում այն ժամանակ, երբ ավիացիայի գործածումը շատ դժվար է կամ վտանգավոր: Այդ սարքերն ի վիճակի են 7 օր շարունակ 24 ժամ տեղեկություններ հաղորդել հակառակորդի մասին` օդում մնալով մինչեւ 17 ժամ:

Հիշե՛ք, որ ձեր կյանքը շատ ավելի թանկ է, քան ձեր պատրաստած նյութը

Ձեռնարկի հեղինակները հիշեցնում են` շատ կարեւոր է գիտակցելն ու մտապահելը, որ ձեր ֆիզիկական անվտանգությունը ստացած հանձնարարությունն արդյունավետ իրականացնելու առաջին նախապայմանն է. «Հիշեք, որ ձեր կյանքը շատ ավելի թանկ է, քան ձեր պատրաստած նյութը, եւ որ ձեզ սպասում են խմբագրությունում ու տանը, եւ դուք պարտավոր եք վերադառնալ, ու շատ լավ կլինի, որ դա անեք առողջ ու անվնաս»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

12.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30