Դեղերի եւ պատվաստանյութերի գնման գործընթացները առավել հասանելի դարձնելու նպատակով 2018 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը պետության կարիքների համար անհրաժեշտ դեղերի, այդ թվում նաեւ ֆենիլ ալանին չպարունակող մանկական կերերի կենտրոնացված գնումներն իրականացրել է գնման բաց ընթացակարգով (մինչեւ հայտերի ներկայացման վերջնաժամկետը 40 օր է), որի նպատակն է ապահովել հայտարարված մրցույթին բոլոր, այդ թվում` ՀՀ ոչ ռեզիդետ կազմակերպությունների մասնակցությունը, որոնք համապատասխանում են հայտարարվող մրցույթների պահանջներին:
Հայտարարված մրցույթը ամփոփվել, գնահատվել եւ պայմանագրեր է կնքվել մրցույթի արդյունքում հաղթած մասնակիցների հետ: Համաձայն գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների՝ կնքված պայմանագիրը ուժի մեջ է մտնում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվառվելուց եւ դրական եզրակացություն ստանալուց հետո: Արդեն իսկ ֆենիլ ալանին չպարունակող մանկական կերերի գնման պայմանագրերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը տվել է դրական եզրակացություն:
Հայտնում եմ, որ ֆենիլ ալանին չպարունակող մանկական կերը ՀՀ առողջապահության նախարարությունը համապատասխան բժշկական հաստատությանը կհատկացնի եռօրյա ժամկետում:
Առողջապահության նախարարություն
Հ.Գ. Հիշեցնենք, որ «Առավոտի» խմբագրությունը ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաների ծնողներից նամակ էր ստացել, որտեղ նրանք դժգոհություն էին հայտնում, որ պարբերաբար իրենք կանգնում են խնդիրների առաջ: Ըստ նրանց՝ ժամանակ առ ժամանակ երեխաներին պետպատվերի շրջանակներում տրվող սննդի մատակարարումը դադարեցվում է, ինչը վտանգում է ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաների առողջությունը:
«Առավոտ»
12.04.2018