Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հավաքարարների գործը» վերաքննիչ դատարանում մոտենում է ավարտին

Ապրիլ 13,2018 14:00

Երեւանի քաղաքապետարանը գումար է վճարել ոչ թե գրանցված հավաքարարների քանակի հաշվարկով, այլ կատարվող աշխատանքի ծավալի հաշվարկով

«Հավաքարարների գործով» վերաքննիչ քրեական դատարանում յոթ նիստ է հրավիրվել: Նախորդ օրը նիստը չկայացավ: Նշանակված ժամից 45 րոպե հետո դատարան ներկայացած նախագահողը հայտնեց, որ դատարանի կազմը լրիվ չէ, քանի որ դատավորներ Մանուշակ Պետրոսյանն ու Մխիթար Պապոյանը մեկ այլ նիստի էին մասնակցում, որը շարունակվում էր: Բացի այդ, դատարան չէր ներկայացել միակ կին ամբաստանյալը՝ Գյուլիզար Շամոյանը, որը իր պաշտպանին՝ Մայիս Հովհաննիսյանին հայտնել էր, թե հարազատն է մահացել: Ըստ էության, բողոքներով հանդես են եկել տասներեք ամբաստանյալները, նաեւ առարկություններով՝ մեղադրողը: Չի բացառվում, որ հաջորդ նիստին դատարանը հեռանա խորհրդակցական սենյակ:

«Կենտրոն մաքրություն» ընկերության տնօրենը՝ Արթուր Հովհաննիսյանը, միակն է, որ դեռեւս գտնվում է կալանքի տակ 2014թ. օգոստոսի 30-ից։

Նա առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, առանց գույքի բռնագրավման՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով՝ 3 տարի ժամկետով։

Հիշեցնեմ, որ նախաքննական մարմնի կողմից Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մեղադրվելով, որ 2007թ. ապրիլի 2-ից մինչեւ 2013թ. հոկտեմբերը զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենի, ինչպես նաեւ ինժեների պաշտոնները, տեւական ժամանակ փաստացի ղեկավարել է տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպություն հանդիսացող ընկերությունը եւ, որպես տնօրեն, ունենալով ՓԲ ընկերության կանոնադրությամբ սահմանված կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ համակատարմամբ, շահադիտական նպատակով, նույն ընկերության պահեստապետ Գարեգին Գասպարյանի, դիսպետչեր Հունան Տեր-Հովհաննիսյանի, գլխավոր ինժեներ Տիգրան Հովհաննիսյանի, ավտոհավաքակայանի վարիչ Միսակ Հարությունյանի օժանդակությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրսգրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր, այն է` բենզինի եւ դիզելային վառելիքի պահանջագրեր եւ բախշման թերթիկներ ու այդ եղանակով Երեւանի Կենտրոն համայնքի, այնուհետեւ Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 123.905.805 ՀՀ դրամ։


Իր բողոքի առթիվ ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանն «Առավոտին» ասաց. «Դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է եւ զարմանալիորեն արժանահավատ է գնահատել բացառապես վկաների նախաքննական ցուցմունքները, արժեզրկելով եւ իմաստազրկելով դատաքննությամբ անմիջականորեն ստացված եւ հետազոտված ապացույցների արժեքը:

Այս քրեական գործին խորապես ծանոթ որեւէ անձի համար գաղտնիք չէ, որ առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է, որեւէ կերպ այն չի հաստատվել ու առավելեւս դատաքննությամբ հետազոտված ապացույցներով ոչ միայն չեն հիմնավորվել առաջադրված մեղադրանքները, այլեւ հիմնովին հերքվել են դրանք»:
Պաշտպանի դիտարկմամբ, նախաքննությունն իրականացնող մարմինը բացահայտ միտում է ունեցել ամեն գնով Արթուր եւ Սամվել Հովհաննիսյաններին վերագրել «չգործած եւ իրականության մեջ տեղի չունեցած արարքի կատարում», մյուս ամբաստանյալների նկատմամբ էլ՝ «խեղաթյուրված եւ կողմնակալ քննություն», դրանով իսկ տպավորություն են ստեղծել, թե մեծ գործ են բացահայտել:

«Քրեական գործի նյութերում չկա դատավարական ղեկավարում իրականացնող մարմնի կողմից տրված գոնե մեկ ցուցում` Արթուր եւ Սամվել Հովհաննիսյանների անմեղությունը հիմնավորող ապացույցների հավաքման եւ գնահատման ուղղությամբ»,-ասում է Գ.Հակոբյանը:

Բողոքաբեր կողմի գնահատմամբ, մեղադրանքի կողմի համար որեւէ նշանակություն չունի այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի համաձայն` անձին մեղադրանք առաջադրելիս անհրաժեշտ էր հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետեւությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»:

Ի դեպ, մեղադրական եզրակացությունում վկայակոչվածն էլ վերարտադրվել էր դատախազի մեղադրական ճառում, իսկ դատարանն էլ, Գեղամ Հակոբյանի կարծիքով, իր հերթին տառացիորեն վերարտադրելով մեղադրական եզրակացությամբ վկայակոչված հանգամանքները, կայացրել է անհիմն մեղադրական դատավճիռ: Պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ «այստեղ վերագրվում է արարք, թե իբր հափշտակել են ընկերությանը ֆինանսավորում իրականացնող տեղական ինքնակառավարման մարմնի եւ «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ միջեւ կնքված «աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների գնման պայմանագրերով» ստանձնած պարտավորությունների կատարման համար որպես ծախսված վառելիքի գումար հաշվարկված առանձնապես խոշոր չափերով` 123.905.805 ՀՀ դրամը: Այսինքն, խոսք չկա վառելիք հափշտակելու մասին: Մինչդեռ, գործով ձեռք բերված եւ դատարանում հետազոտված ապացույցներով հստակ հիմնավորված է, որ ընկերությունը համապատասխան գումարները փոխանցելով մատակարար կազմակերպությանը, ձեռք է բերել վառելիքի կտրոններ, որոնք էլ տրամադրվել են ըստ անհրաժեշտության՝ բացառապես կազմակերպության խնդիրներն իրականացնելու համար»:

Քրեական գործով ձեռք չի բերվել եւ դատարանում չի հետազոտվել գոնե մեկ ապացույց, որով հիմնավորվեր հակառակը: Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքին, թե Արթուր Հովհաննիսյանը, Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով, ընկերության աշխատակիցների օժանդակությամբ խաբեության եղանակով, կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություն, բողոքաբեր կողմը հարցնում է. «Հարգելի մեղադրողը ո՞ր ապացույցի վրա հիմնելով է հաստատված համարում, որ Արթուր Հովհաննիսյանը Սամվել Հովհաննիսյանի հետ եկել է նախնական համաձայնության եւ որ առհասարակ կատարվել է վերագրվող արարքը»:

«Առավոտի» դիտարկմանը, թե մեղադրողը նկատի ունի նախաքննության փուլում վարորդների ցուցմունքները, փաստաբան Գ.Հակոբյանն ասաց. «Վարորդները դատարանում ցուցմունք տալով եւ պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին, հստակ նշեցին իրենց կողմից ստացված վառելիքի ծավալները, որոնք գրեթե նույնական են փաստաթղթերում արտացոլված ծավալներին եւ այս պարագայում մեղադրողին այլընտրանք չէր մնում, քան այս դրվագով մեղադրանքից հրաժարվելու կամ մեղադրանքի ծավալում էական փոփոխություններ կատարելու առումով: Մինչդեռ ականատես ենք լինում մի փաստի, որ հարգելի մեղադրողի համար որեւէ նշանակություն չունի դատաքննությամբ անմիջականորեն ձեռք բերված եւ հետազոտված ապացույցները եւ վերջինս բացառապես հիմնվում է նախաքննության ընթացքում, կասկածելի հանգամանքներում ձեռք բերված եւ դատաքննությամբ հերքված, ոչ հավաստի ապացույցների վրա»:

Պաշտպանն իր բողոքում ուշադրություն է հրավիրում նաեւ մեղադրանքում քողարկված ընդհանրական ձեւակերպումների վրա, ինչն էլ բացի պաշտպանության իրավունքի խախտում լինելուց, խոսում է անձանց ակնհայտ ապօրինի մեղադրանք առաջադրելու մասին: Մեղադրողն իր առարկություններում անդրադարձել է Արթուր Հովհաննիսյանին՝ որպես խմբի կազմակերպիչ 2009թ. հունվար ամսից մինչեւ 2013թ. հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում:

Զրուցակիցս այս կապակցությամբ ասաց, որ դատական քննությամբ անմիջականորեն ստացված եւ հետազոտված ապացույցներով հիմնավորվում է, որ Արթուր Հովհաննիսյանը գրանցված, սակայն աշխատանքի չհաճախող, ավել աշխատակիցների մասին տեղեկացել է ընդամենը 2011թ. մայիսին. «Այն քանակը, որի մասին իմացել է Արթուր Հովհաննիսյանը, վերաբերել է բացառապես որպես փոխարինող գրանցված, սակայն աշխատանքի չհաճախող անձանց, որոնց աշխատավարձը տրամադրվել էր փաստացի աշխատանքը կատարող հավաքարարներին: Գոնե Արթուր Հովհաննիսյանին այդպես է ներկայացած եղել»:

Նշենք, որ Արթուր Հովհաննիսյանի ցուցմունքի համաձայն, 2011թ. մայիսին տեղեկանալով, որ այդ անձանց թիվը ավելին է, քան անհրաժեշտ էր աշխատանքները փաստացի կատարող անձանց վարձատրելու համար, ժողով էր հրավիրել, իր մոտ էր կանչել բրիգադիրներին, փոխտնօրենին եւ հանդիմանել այդ արարքի համար: «Կենտրոն մաքրություն» ընկերության աշխատակիցները, մասնավորապես, բրիգադիրները ցուցմունք էին տվել, որ Արթուր Հովհաննիսյանը չէր էլ կարող իմանալ որեւէ փողոցի թերի մաքրման մասին, եթե բողոք կամ ահազանգ չլիներ: Կենտրոն վարչական շրջանի բոլոր փողոցները, որոնք մտել են իրենց մաքրման մակերեսի մեջ, լիովին մաքրվել են: Պաշտպանի կարծիքով, փորձ է արվում Արթուր Հովհաննիսյանին սարքել քավության նոխազ եւ բոլոր ժամանակների կատարված եւ չկատարված չարաշահումների համար պատասխանատվության ենթարկել մի անձի, որը մեծ հաշվով մասնակից չի եղել, իսկ որոշակի մասնակցության քանակը տասնապատիկ անգամ ուռճացվել է:

«Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքվել է աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր, որի հիմքով էլ կատարվել են նշված աշխատանքները: Պատվիրատուի կողմից ստեղծված հանձնաժողովը ընդունելով աշխատանքի արդյունքը, կատարել է համապատասխան վճարում: Երեւանի քաղաքապետարանը նշված գումարը վճարել է ոչ թե գրանցված հավաքարարների քանակի հաշվարկով, այլ կատարվող աշխատանքի ծավալի հաշվարկով: «Ինքնություն իրավաբանական անձ հանդիսացող «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ն ինչպե՞ս կկազմակերպեր իր պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, դա արդեն բոլորովին այլ հարթություն է եւ չի կարող քրեաիրավական գնահատականի արժանանալ եւ դիտարկվել որպես հանցագործություն»,-ասում է Գ. Հակոբյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

12.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30