Լիպարիտ Սարգսյանը 80 տարեկան է
Հայաստանի գրողների միությունում նշվեց գրող Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակը։ Վաստակավոր գրողն իրեն լավագույնս է դրսեւորել գրական բոլոր ժանրերում՝ իր համար ընթերցող տեսնելով երեխայից մինչեւ ծերունի։
«Լիպարիտ Սարգսյանն իր գրականությամբ, իր կեցվածքով եւ՛ մեծ է, եւ՛ փոքր։ Ե՛վ մեծերի համար է գրում, եւ՛ փոքրերի։ Լոռեցու էությանը հարիր` պարզության մեջ միշտ գեղեցկություն է տեսնում»,- իր շնորհավորական խոսքում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բացելով հոբելյանական ցերեկույթը։
Չորս տասնյակ չափածո եւ արձակ ժողովածուների հեղինակի պարգեւներին ավելացավ եւս մեկը։
Հայաստանի գրողների եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունների կողմից շնորհվեց «Հովհաննես Թումանյանի» անվան մրցանակ։
«Նա իր ողջ գործունեության ընթացքում ստեղծագործական որոնումներում երբեք ու երբեք պորտալարը չի կտրել իր հայրենի բնակավայրից եւ իր հայրենի աշխարհից։ Նա շարունակում է մեծ լոռեցու գործը` քառյակներ է գրում։ Ութսունամյակին ընդառաջ էլ լույս է տեսել մի փոքրիկ գիրք, որում զետեղվել են խորհրդանշական ութսուն քառյակներ»,- ողջունելով հոբելյարին, նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։
Վաստակաշատ գրողի հոբելյանին ներկա էին այլ բազմաթիվ հասարակական գործիչներ, գրողներ, լրագրողներ, ովքեր նույնպես հանդես եկան գնահատանքի եւ շնորհավորական խոսքերով։ Մասնավորապես, Ավ. Իսահակյանի գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը Լիպարիտ Սարգսյանին անվանեց մշակույթի խոնարհ ծառա եւ կենդանի օրինակ նորելուկ սերնդի համար։ Մյուս բանախոսներն էլ, արժեւորելով գրողի վաստակը, հույս հայտնեցին, որ Լիպարիտ Սարգսյանը շարունակելու է ստեղծագործել նույն ոգով ու էությամբ, իր փորձն է փոխանցելու գրական երիտասարդ սերունդներին։
Մեծ երախտիքի խոսքերին եկան լրացնելու պայծառ փոքրիկները։ «Զատիկ» մանկական համույթի սաները, ովքեր կատարեցին Լիպարիտ Սարգսյանի խոսքերի հիման վրա գրված երգեր։
Վերջում խոսքով հանդես եկավ հոբելյարը։ Նա ասաց. «Հաճելի է, երբ ստեղծածդ պիտանի է մարդկանց։ Ես Թումանյան չեմ, ոչ էլ Շեքսպիր, բայց ստեղծածովս փորձել եմ հաճույք պատճառել, բարի ճանապարհ ցույց տալ իմ ընթերցողին։ Ու կարծես թե ստացվել է. գրվածքներս դեռ դասագրքերում մնում են»։
Նա շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառման, հնչած մաղթանքների համար։
ԱՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Առավոտ»
12.04.2018