Հոլանդացի Բաս Դոուման արդեն երկրորդ անգամ է Հայաստանում
Առաջին անգամ որոշեց Հայաստան գալ Լոնդոնում հանդիպած հայ ընկերների հորդորով: Իր խոսքերով՝ սպասումներն ավելի քան իրականացան:
«Ես միանգամից սիրեցի Հայաստանը: Այստեղ կա այն, ինչը չես կարող գտնել Նիդեռլանդներում: Ես սիրում եմ հայերի միասնությունը: Եվրոպայում յուրաքանչյուրն ապրում է իր համար: Այստեղ մարդիկ ջերմ են, ընկերասեր եւ հոգատար»,- մեզ հետ զրույցում ասաց Բասը:
Նա պատմում է, որ հայերի հետ շփվելիս ինչ-ինչ խնդիրներ է ունենում: «Մեկ տարի առաջ Եղեգնաձորում մի ընտանիք հյուրընկալել էր գիշերակացի: Առաջին դեպքում կանանցից մեկը տիրապետում էր անգլերենին, իսկ երկրորդ անգամ ես փորձում էի իմ աղքատ հայերենն օգտագործել: Երբեմն մենք չէինք հասկանում իրար եւ բացատրում էինք անբացատրելին, բայց դա զվարճալի էր»,- ասաց Բասը:
Նրա խոսքերով, լեզվական խոչընդոտը միակը չէ:
«Հայերի հետ իրական հանդիպումը երբեմն շատ դժվար է: Նրանք վերջին պահին կարող են փոխել պլանները եւ անգամ չզգուշացնել: Հայերը նաեւ ճշտապահ չեն: Դա բարկացնում է, մանավանդ՝ երբ դու շտապում ես կամ վերջնաժամկետի հարց կա»,- նշում է Բասը:
Երեւանում նա սովորում է հայերեն: Ասում է՝ այնքան բառ գիտի, որ չի կարող նշել:
ԻԶԱԲԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
Լուսանկարը` Բասի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ»
12.04.2018