Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՈ

Ապրիլ 13,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ տասներեքերորդ

ԿԻՆՈ

Եվ Ֆրունզիկը ժպտալով Հրանտին հարցրեց՝ «կարող ա՞ քո «Մենք ենք, մեր սարերի» սցենարն էլ ա Մալյանը գրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ծայրեծայր», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ Մալյանը գրող ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ երկու ֆիլմերն էդ են ապացուցում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ «Եռանկյունին», եւ Խորիկն ասաց՝ «մեզնից բամբասող դուրս չի գա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պայմանավորվեցինք, որ Աղասուց ենք բամբասելու, բայց, փաստորեն, Մալյանից ենք բամբասում», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «որ ասում ա գրող ա, էդ բամբասանք ա՞», եւ Խորիկը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին հարցրեց՝ «ասում ես՝ հումակեր ա՞», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Խորիկին հարցրեց՝ «Մալյանը՞», եւ Խորիկն ասաց՝ «չէ, Աղասին», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ հումակեր ա, համ էլ նկարում ա», եւ Խորիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ա նկարում», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «ամեն ինչ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ամենից շատ ու ամենից լավ ինքը իրան ա նկարում», եւ Խորենը Ֆրունզիկին հարցրեց՝ «ինքնանկա՞ր», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իսկական նկարիչների պես յուղաներկով նկարում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «շատ նկարիչներից լավ ա նկարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա տունը ոնց որ արվեստանոց լինի», եւ Խորենը զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես», եւ Ֆրունզիկն ասաց՝ «որ իրա ժուռնալի համար հետս հարցազրույց էր անում, հրավիրել էր իրա տուն», եւ Հրանտն ասաց՝ «Աղասին ամեն մարդու իր տուն չի հրավիրում», եւ Ֆրունզիկն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «փաստորեն, ես երջանիկ բացառություն եմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ երջանիկ բացառություն. մի անգամ էլ ինձ էր հրավիրել», եւ Ֆրունզիկը Հրանտին հարցրեց՝ «նկարները հավանեցի՞ր», եւ Հրանտը բավական երկար մտածեց ու ասաց՝ «պատմվածքներն ավելի լավն են», եւ Փելեշյանն ասաց՝ «Աղասին հիմի էլ կինո ա նկարում», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կինո», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա սեփական սցենարով», եւ Ֆրունզիկը Փելեշյանին հարցրեց՝ «կարող ա՞ լավ ստացվի», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տա Աստված՝ լավ ստացվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես, ի տարբերություն Հրանտի, թիֆլիսեցիների դեմ ոչ մի բան չունեմ», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Փելեշյանին ասաց՝ «Աղասին գրողների ու նկարիչների հացը կտրել ա, հիմի էլ ուզում ա ձեր հացը կտրի», եւ Փելեշյանը ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «հումակերներին մոռացար» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «հումակերների հացն էլ ա կտրել», եւ Ֆրունզիկը Փելեշյանին հարցրեց՝ «բայց հումակերները հաց ուտո՞ւմ են», եւ Փելեշյանը Ֆրունզիկին ասաց՝ «էդ արդեն Աղասուն պիտի հարցնեիր», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Փելեշյանին ասաց՝ «հարցերն ինքն էր տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «լավ էլ հարցազրույց էր ստացվել»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30