Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ փաստաթղթերի՝ «Ազգ»-ին դատի տված լիբանանահայը 3 անգամ դատապարտված է եղել

Ապրիլ 12,2018 20:30

Դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ այսօր «Սեւակ Հակոբյանն ընդդեմ «Ազգ» օրաթերթի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստն էր, որին ներկա էին միայն կողմերի շահերի պաշտպանները: Այս հայցով լիբանանահայ, «Զարթոնք» օրաթերթի խմբագիր, Լիբանանի քաղաքացի Սեւակ Հակոբյանն «Ազգ» օրաթերթից պահանջում է տպագրել հերքող հոդված, քանի որ, ըստ նրա, այդ թերթում տպագրված հոդվածներից մեկով արատավորվել է իր պատիվն ու գործարար համբավը: Նա պահանջում է նաեւ փոխհատուցում՝ ընդհանուր 3 միլիոն դրամի չափով:

«Ազգ» օրաթերթում 2017թ. տպվել է հոդված, որում տեղ գտած որոշ ձեւակերպումներ, ըստ հայցվոր կողմի, կրում են վիրավորական բնույթ եւ պարունակում են զրպարտություն: Մասնավորապես՝ «վավերական խարդախ» արտահայտությունն է կիրառվել: Զրպարտության առնչությամբ էլ հոդվածում նշված էր, որ Սեւակ Հակոբյանը երեք անգամ դատապարտված է եղել խարդախության համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով հայցի բովանդակությունը՝ ասաց հայցվոր Սեւակ Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Խաչատրյանը:

Նիստի ընթացքում էլ «Ազգ» օրաթերթի շահերը պաշտպանող փաստաբան Հայկ Պողոսյանը որպես ապացույցներ դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, համաձայն որոնց՝ Սեւակ Հակոբյանը դեռեւս 1998-1999թթ. Լիբանանում երեք անգամ դատապարտվել է խարդախության համար, քանի որ բանկային չեկեր է կեղծել: «Հայցվոր կողմն առանձնացրել է հոդվածի ընդհանուր տրամաբանությունից կտրված բառակապակցություններ եւ արտահայտություններ եւ դրանք վիրավորանք համարել: Սակայն հոդվածը հիմնված է ստույգ փաստերի վրա: Մենք չենք կարծում, թե վիրավորանք է եղել: Հաշվի առնելով այն փաստը, որ Սեւակ Հակոբյանը խարդախության համար դատապարտված է եղել, այդ համատեքստում է օգտագործվել «վավերական խարդախ» արտահայտությունը: Կամ եթե մարդը քաշ ունի, գրված է, որ նա այսքան քաշ ունի: Դա ծաղր չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ազգ»-ի շահերի պաշտպան Հայկ Պողոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ «Ազգ»-ի հոդվածում զրպարտություն չկա:

Նրա ներկայացրած՝ Սեւակ Հակոբյանի դատապարտված լինելու փաստաթղթերի առնչությամբ Սեւակ Հակոբյանի պաշտպանը տեղեկացրեց, որ դրանք պետք է իրենց կողմից ուսումնասիրվեն, որից հետո միայն  դատարանում՝ հաջորդ նիստում, դիրքորոշում կարտահայտեն: Հավելենք, որ խոսքը «Ազգ»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի այս հոդվածի մասին է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30