Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր կարող են զինակոչից տարկետում ստանալ

Ապրիլ 12,2018 20:14

Ովքեր կարող են պարտադիր զինծառայությունից տարկետում ստանալ: Այսօր կառավարությունը հավանություն է տվել պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծերին, որոնց համաձայն սահմանվում է, թե ովքեր հնարավորություն կունենան զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալ:

Ըստ այդմ, նրանք, ովքեր սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ կունենան, ՊՆ-ն խոստանում է հետաձգել բանակ տանելը: Տարկետումը տրամադրվելու է կառավարության որոշմամբ՝ տվյալ բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:

ՊՆ-ի ներկայացրած նախագծով նաեւ սահմանվում է, թե ովքեր կարող են սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող համարվել :

Ըստ այդմ, սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներ են համարվում՝

1) օլիմպիական մարզաձեւերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում,  եվրոպական խաղերում, պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղեր գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները:

Ինչպես նաեւ՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված  եւ առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները: Այս ենթակետում նախատեսված պայմանը կիրառելիս թենիս մարզաձեւում Դեւիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը,

Նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներ են համարվում

2) ոչ օլիմպիական մարզաձեւերից ուշու(բացառությամբ կատաների), սամբո մարզաձեւերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների առաջնությունում, եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները: Նաեւ՝ ոչ օլիմպիական մարզաձեւերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո մարզաձեւերում աշխարհի կամ Եվրոպայի պատանիների առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված  եւ առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները :

3) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական եւ մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 22 մարզիկների:

4) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:

Այս  պայմանները բավարարող քաղաքացուն կառավարության որոշմամբ տարկետում կտրվի 4 տարի ժամկետով, բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի պատանեկան եւ երիտասարդական ազգային հավաքականների մարզիկների, նրանց տարկետում  կտրվի 2  տարի ժամկետով:

ՊՆ-ի ներկայացրած որոշման համաձայն, նշված մարզիկներին տրված տարկետման ժամկետի ավարտից հետո սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար կրկին կարող է տրվել տարկետում:

Տարկետում կարող են ստանալ նաեւ կրթության եւ գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցողները : Թե ովքեր կարող են հավակնել ՊՆ-ի այդ «մեծահոգությանը», կարդացեք՝ հաջորդիվ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել