«Սերժ Սարգսյանից գնում մեդալ են ստանում, հետո գալիս այստեղ լուսավորությունից են խոսում: Քո մեդալ ստանալը բռնապետից լուսավորիչ երեւո՞ւյթ է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում իրենց ընդդիմախոս-մտավորականներին այսպես դիմեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը: Ճակատն այսօր ներկայացնում էր համակարգափոխության իր քայլերն ու ծրագրերը:
Կարապետ Ռուբինյանը չի ժխտում՝ նախկին չհաջողված պայքարների ծանր բեռը կա, բայց վստահ է՝մարդիկ հենց մի քիչ զգացել են, որ պայքարը իրական կարող է լինել, եկել եւ կանգնել են հրապարակում: Նա կարծում է, որ հիմա էլ նման պահ է: «Գործող ռեժիմը վերից վար փտած է, նրա պարագլուխը թաղված է ստի մեջ, սեփական ժողովրդի նկատման արհամարհանքի մեջ: Նրա վերջին գործողությունները ցույց են տալիս, որ մտադիր է իր հանցավոր ճանապարհը շարունակել, որի արդյունքում մենք կորցնելու ենք հայրենիքը»,- ասաց Կարապետ Ռուբինյանը՝ հավելելով, որ այս պարագայում չի ընդունում լոկալ խնդիրներ լուծելու, ժողովրդին լուսավորելու բոլոր կոչերը: Ասում է՝ ժողովուրդը շատ լավ էլ լուսավորվում է՝ «ցույց ենք տալիս, որ իր եղբայրներին, խնամիներին, փեսային պաշտոններ տալով հնարավոր չի փրկել երկիրը»: Այն ՀՀԿ-ականներին էլ, որոնք ասում են թե 700 հազար մարդ է իրենց ձայն տվել՝ հորդորում է՝ նրանց բերել հրապարակ: Ինքը վստահ է՝ կկրկնվի 2008-ի իրավիճակը, երբ Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի քարոզարշավին բերվածները գնացին Ազատության հրապարակ՝ ընդդիմության հանրահավաքին:
Ճակատի մեկ այլ անդամ, Ալբերտ Բաղդասարյանն էլ ներկայացրեց ճակատի ծրագիրը՝ ընդդիմախոսներին ասելով, որ ծրագիրը կար, համապատասխան պահի պետք էր հրապարակել, դա ապրիլի 9-ինն էր: Այն ենթադրում է ժամանակավոր-անցումային կառավարության ձեւավորում, որն էլ նոր Սահմանադրություն է ընդունելու: Դրանում հակակշիռները լոկ խոսքեր չեն լինելու եւ որը կարված չէ որեւէ անձի համար: Ապա՝ նոր ընտրական օրենսգիրք է ընդունվում: Սրանք՝ վեց ամսում: Հետո, երեք ամսում ՏԻՄ ընտրություններ են իրականացվում, որպեսզի ժամանակավոր կառավարությունը հսկի եւ անօրինականություններ թույլ չտրվեն: ՏԻՄ ընտրությունները նախատեսվում են փուլ առ փուլ եւ ավարտվում են երեք ամսում: Երբ ԱԺ-ն էլ կձեւավորվի արդար իշխանությամբ, ապա ժողովուրդը կընտրի գործադիր մարմնի ղեկավարին: Այդ ընթացքում դատական համակարգի գործունեությունը կհամապատասխանեցվի Սահմանադրությանը եւ ժամանակավոր կառավարությունը կզիջի իր տեղը իրական կառավարությանը: Ժամանակավոր կառավարության անդամներն այդ փուլում իրավունք չեն ունենա մասնակցել ընտրական գործընթացներին:
Ճակատի անդամներից Պետրոս Մակեյանն էլ իրենց ընդդիմախոսներին ասաց՝ քննադատելն ամենահեշտն է, որպեսզի արդարացնել նաեւ սեփական անգործությունը: Հեգնում է՝այդ դեպքում ոչինչ չանենք եւ դառնաք Ադրբեջանի նման՝ սուլթանատ: Բայց ինքը հույս ունի եւ վստահ է՝ գործընթացը գնում է, թեպետ դանդաղ: Բոլորին հորդորում է՝ գնալ Ազատության հրապարակ. «ՔՊ-ն ասել է ինչ անել: Մենք համամիտ ենք, մենք էլ մոտեցումներ ունենք, դրանք կհամադրենք «Մերժիր Սերժին» նախաձեռնության անելիքների հետ եւ կանխենք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վերարտադրությունը եւ չեզոքացնենք Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը»:
Ընտրություններով ընտրված լինելու մասին ՀՀԿ-ականների թեզին Ալբերտ Բաղդասարյանն այսպես է հակադարձում՝ Հյուսիսային Կորեայում էլ, Սովետում էլ են ընտրություններ եղել: «Հիմա 10 հազարներ են բաժանում, հաջորդին դա էլ չի լինի, ինչքան կուզեն էնքան կխփեն: Աշխարհաքաղաքական այս իրավիճակում չի կարելի հհկադաշնակցական վերնախավին թողնել եւ զոհ գնալ նրանց»,- ասաց բանախոսը հավելելով, որ «ժողովուրդը ձեր հետ չի» թեզը պրոպագանդա է ժողովրդին խեղճացնելու համար: Ասում է՝ ժողովուրդն էլ տասը հազարը վերցրել ու ընտրել է, քանի որ քաղաքական այլընտրանք չի եղել: Հիմա կա: Նա վստահ է՝ հենց մեկ անգամ հնարավորություն չտրվեց ՀՀԿ-ին վարչապետի ընտրելու, իշխանական բուգը կքանդվի:
Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն Հայաստան պետության», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները ամսի 9-13-ի անելիքների մասով են պայմանավորվել՝ մնացածը լրացուցիչ կհստակեցնեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի