Քիչ առաջ Մաշտոցի պողոտայում Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեմ ուղղված «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներին միացան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված «Իմ քայլը» նախաձեռնության անդամները: Նրանք ավտոերթով եկան Մաշտոցի պողոտա ու ծխարձակող ճայթուկներ այրեցին:
«Քայլ արա՝ մերժիր Սերժին»,-վանկարկում են ցուցարարները եւ դուրս չեն գալիս փողոցի երթեւեկելի մասից: Իրազեկման նախաձեռնությունը Երեւանի փողոցներով այս պահին շարունակվում է ավտոերթով: Ցուցարարները քաղաքացիներին կոչ են անում վաղը 18:30-ին մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:
Ի դեպ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներից մեկը փորձել է կծել ոստիկանին, երբ վերջինս նրան հեռացրել է փողոցից: Ոստիկանն էլ խուսանավելով՝ հարված է հասցրել եւ աղջկա շրթունքը վնասել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ