Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին կից թատրոնի աջակցման հիմնադրամը, որը ստեղծվել էր անցած տարվա հունիսին՝ թատրոնի աշխատակիցների սոցիալական խնդիրներն ու տեխնիկական վերազինման հարցը լուծելու նպատակով, մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը ծառայողական բնակարան է ձեռք բերել ու տրամադրել դերասան Արկադի Ղարագուլյանի ընտանիքին։ Արկադի Ղարագուլյանը երկար տարիներ աշխատում է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, նա Ջավախքից է, Գյումրիում բնակվում է վարձով։
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Նա ասաց, որ բնակարանը 3 սենյականոց է, գտնվում է Գյումրու Անի թաղամասում։ «Ինչպես խոստացել էինք մեր սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ, երբ ազդարարում էինք նոր թատերաշրջանի բացումը, մինչև 2018 թվականի մարտի 27-ը՝ մեր մասնագիտական տոնը, մենք կարողանանք մեկ արվեստագետի ապահովել բնակարանով։ Ու մենք եղանք մեր խոստման տերը, կարողացանք մինչև մարտի 27-ը 3 սենյականոց բնակարան ձեռք բերել։ Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեցինք շահառու արվեստագետին, հոգաբարձուների խորհուրդը տվեց համաձայնությունը, գնացինք, դիտեցինք տունը, որը շատ հարմարավետ, նորմալ է, որոշակի վերանորոգման աշխատանքների կարիք կա, որը հետագայում կկատարի հիմնադրամը», -ասաց Տիգրան Վիրաբյանը։
Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն է, իսկ կազմում ընդգրկված են հանրաճանաչ մշակութային գործիչներ՝«Պան Արմենիան մեդիա գրուպի» գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը, վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, ինչպես նաև «Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը։
Հիմնադրամին նվիրատվություններ է արել թատրոնի կոլեկտիվը, աշխատակիցները իրենց աշխատավարձից մշտապես որոշակի գումար են փոխանցում, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր իր աշխատավարձը փոխանցել, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը։ Տիգրան Համասյանը բարեգործական համերգ տվեց Գյումրիում ՝հատուկ այս նպատակի իրագործման համար, հանգանակություն է կատարել Հայկ Մարությանը՝ Կարգին Հայոկն։
Ինչպես հայտարարել էին թատրոնի պատասխանատուները, թատրոնը նախկինում ունեցել է 10-ից ավելի ծառայողական բնակարաններ, որոնք անհասկանալի պատճառով յուրացրել են, վերցրել թատրոնի ձեռքից։ Իսկ թատրոնը վերջին 14 տարվա ընթացքում 60 հազար ԱՄՆ դոլարի բնակարանի վարձ է վճարել, թատրոնի 7 դերասան բնակարանային խնդիր ունի, ապրում են վարձակալական հիմունքերով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից