Քաղաքացիներն այսուհետ ռազմական պատրաստություն են անցնելու պաշտպանության նախարարությունում: Այս մասին որոշման նախագծին այսօր կառավարությունը հավանություն է տվել: Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այս եւ այլ որոշման նախագծեր էլ է ներկայացրել կառավարություն ու հավանություն ստացել: Դրանք, ինչպես նախարարն է ասել, ուղղված են «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանը:
«Ազգ-բանակին» ուղղված որոշման նախագծերից մեկն էլ վերաբերում է ռազմական պատրաստություն անցնելուն:
Բուհերում սովորողները նախկինում ռազմական պատրաստությունն անցնում էին բուհի ռազմական ամբիոնում, իսկ նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու գործընթացն իրականացնել ՊՆ-ի ռազմաուսումնական հաստատություններում: Վիգեն Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծի համաձայն` սահմանվում է բուհում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգն ու ՊՆ-ի այն ռազմաուսումնական հաստատությունները, որտեղ օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինպատրաստություն:
Եվ այսպես՝ զինվորական պատրաստությունը կազմակերպվում է՝
1) դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստությունը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրերով:
2) բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստությունը՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով:
Զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ բուհում ուսումնառության 3-րդից 7-րդ կիսամյակների ընթացքում, համապատասխան ռազմաուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված դասացուցակով, սակայն ոչ ավելի, քան շաբաթվա մեկ օրվա ընթացքում 7 ժամ:
Ընդ որում` զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիները հանձնում են միջանկյալ ստուգարքներ: Իսկ յուրաքանչյուր ուստարվա ավարտից հետո քաղաքացիները նախարարության ռազմաբժշկական հաստատությունում անցնում են բժշկական հետազոտություն եւ փորձաքննություն:
Նախագծի համաձայն` զինպատրաստությունն ավարտվում է ուսումնական ծրագրով նախատեսված ՊՆ զորամասերում մինչեւ 30 օր տեւողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո քաղաքացիները հանձնում են զինվորական պատրաստության գծով ավարտական քննություններ:
Զինվորական պատրաստություն անցնողները կրելու են զինվորական համազգեստ, եւ ապահովվելու են անհրաժեշտ ուսումնական նյութերով: Ուշագրավ է, որ զինպատրաստությանը մասնակցելու տրանսպորտային ծախսերը Պն-ն չի փոխհատուցելու, սակայն, այսպես ասած՝ դասերին մասնակցողներն ապահովվելու են մեկանգամյա սննդով՝ համապատասխան ռազմաուսումնական հաստատության կուրսանտների համար նախատեսված կարգով:
Զինպատրաստություն անցնողները պարտադիր պետք է պայմանագիր կնքեն ՊՆ-ի հետ:
Ովքե՞ր կարող են ազատվել զինվորական պատրաստությունից՝
պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դիմում ներկայացնելու դեպքում,
նախարարության ռազմաբժշկական հաստատությունում բժշկական հետազոտության եւ փորձաքննության արդյունքներով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում,
բուհից անկախ պատճառներից ազատվելու կամ հեռացվելու դեպքում:
Իսկ եթե քաղաքացին 32 ակադեմիական ժամից ավելի բացակայի դասերից, ուսումնական հավաքին 3 օրացուցային օրից ավելի չմասնակցի, ապա հեռացվում է զինվորական պատրաստությունից:
Զինվորական պատրաստությունից կարող են հեռացվել նաեւ այն դեպքում, եթե քաղաքացին ռազմաուսումնական հաստատության ներքին կարգ ու կանոնը չի պահպանել, անկարգապահ է եղել: Միջանկյալ ստուգարքների կամ ռազմական պատրաստության գծով ավարտական քննություններին անբավարար առաջադիմություն ցուցաբերվի, ապա այս դեպքում նույնպես հեռացվում են զինպատրաստությունից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ