Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ հնարավոր չեն. միջազգային դիտորդներ

Ապրիլ 12,2018 18:57
porzaget

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել իրական ժողովրդավարական ընտրական արշավի համար անհրաժեշտ հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ, ԵԱՀԿ ԽՎ և ԵԽԽՎ դիտորդների համատեղ հայտարարության մեջ:

Իրավունքների սահմանափակման և այդ թվում մամուլում բազմակարծության բացակայության պայմաններում ընտրություններում չի եղել իրական մրցակցություն: Թեկնածուները զերծ են մնացել գործող նախագահին ուղղակիորեն վիճարկելուց կամ նրան քննադատելուց: Ընդ որում, տարբերակում չի դրվել նախագահի քարոզարշավի և պաշտոնական գործողությունների միջև, ասվում է հայտարարության մեջ: Մյուս կողմից, իշխանությունները համագործակցել են միջազգային դիտորդների հետ, և վերջիններս կարողացել են ազատ գործունեություն ծավալել նախընտրական շրջանում:

Ընտրությունների օրը նկատվել է պարտադիր ընթացակարգերի զանգվածային անտեսում, թափանցիկության բացակայություն, բազմաթիվ լուրջ խախտումներ, այդ թվում զանգվածային լցոնումներ: Քվեների հաշվարկի ավելի քան կեսը դիտորդների կողմից գնահատվել է բացասաբար՝ հիմնականում դիտավորյալ կեղծումների և ընթացակարգերի ակնհայտ անտեսումների պատճառով:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Նիլզա դե Սենան կոչ է արել իշխանություններին ուշադիր «ծանոթանալ այն հանձնարարականներին, որոնք ԺՀՄԻԳ-ը կանի իր վերջնական զեկույցում»:

Ընտրություններն ընթացել են իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գերակայության պայմաններում: Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները ոչ մրցունակ միջավայրի և ժամանակի ոչ բավարար լինելու պատճառով:

Ընդհանուր առմամբ ընտրարշավն աչքի է ընկել սահմանափակ հանրային մասնակցությամբ: Իշխող կուսակցության ընտրարշավը հանձնին գործող նախագահի լավ կազմակերպված էր և լավ ռեսուրսներ ուներ, իսկ իշխող կուսակցության թեկնածուն ինքը իր համար ընտրարշավ չի արել, բայց այցեր է իրականացրել ամբողջ երկրի տարածքում և հանդիպել բարձրաստիճան հյուրերի հետ: Մյուս 7 թեկնածուների ընտրարշավները սահմանափակ էին և աչքի են ընկել տարածքային կառույցների և ռեսուրսների բացակայությամբ:

«Մենք պետք է հաշվի առնենք, որ այնպիսի քաղաքական մթնոլորտում, որտեղ ժողովրդավարական արժեքները վարկաբեկված են և օրենքի գերակայությունը չի պաշտպանվում, ազատ և արդար ընտրություններ հնարավոր չեն,- ասել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Վիորել Ռիսերդ Բադեան:- Քվեարկության օրը մենք նկատել ենք խախտումներ, բայց դժվար է ասել՝ որքանով են դրանք ազդել ընտրությունների ընթացքի վրա»:

Չափազանց խիստ օրենքները սահմանափակում են մամուլի և խոսքի, այդ թվում կայքերի և սոցմեդիայի ազատությունը: Անվանարկումը համարվում է քրեական հանցագործություն, որը պատժվում է ազատազրկմամբ, իսկ նախագահին վիրավորելու դեպքում՝ նաև այլ հավելյալ պատժամիջոցներով:

«Քարոզարշավի մի քանի շաբաթները, որոնց ընթացքում թեկնածուները կարողացել են ներկայացնել իրենց հայացքները հեռուստատեսությամբ, չեն կարող փոխհատուցել այն տարիները, որոնց ընթացքում ազատ արտահայտման սահմանափակումները խլացրել են քաղաքական բանավեճերը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Մարգարետա Քիներ Նելլենը:

«Հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք իրական ժողովրդավարական ընտրությունների նախադրյալներն են, գործնականում խիստ սահմանափակ են,- ասել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելության ղեկավար Քորեն Յոնկերը:- Իշխանությունները պետք է իրականացնեն Ադրբեջանի պարտավորությունները՝ որպես ԵԱՀԿ անդամ պետություն, հարգեն, պաշտպանեն և աջակցեն իրենց քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները»:

Սրանք առաջին նախագահական ընտրություններն էին այն բանից հետո, երբ 2016թ. սահմանադրական փոփոխություններն ավելի բարձրացրին նախագահի լիազորությունները: Ընտրությունների մասով սահմանադրորեն երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքներ և ազատությունների գործնականում սահմանափակումների են ենթարկվում: ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի համար առաջնահերթություն համարվող հանձնարարականներից ոչ մեկ չի ընդունվել իշխանությունների կողմից, ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30