Ապրիլի 12-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Ժան-Լուի Ատանգանա-Ամուգույի գլխավորությամբ:
Հանդիպման օրակարգում էին և հանգամանալից քննարկվեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
Այդ համատեքստում ՖՄԿ պատվիրակության անդամները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին Երևանում տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՖՄԿ քարտուղարության պատվիրակության անդամները գոհունակությամբ նշեցին, որ բոլոր ծրագրված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, որոշ հարցեր կարգավորված են նույնիսկ մինչև ժամանակացույցով նշված ժամկետները։
Շնորհակալություն հայտնելով գագաթաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցերում ՖՄԿ քարտուղարության համակողմանի աջակցության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար:
ՀՀ ԱԳՆ