«Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կառույցի ամփոփումներով, 2008-2018-թվականների հատվածում, իբրեւ անցումային երկրի գնահատականներով, Հայաստանում դատական իշխանության անկախության ցուցիչը նվազել է: Այս ամսին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը: Նա սա լավ գնահատական է համարում՝ թե ինչպիսի՞ մակարդակում կարող են լինել մարդու իրավունքները՝ նման դատական համակարգի ցուցիչ ունեցող երկրում:
«Մեդիա կենտրոնում» այսօր իրավապաշտպաններն ամփոփում էին Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիները՝ խաղաղ հավաքների ընթացքում մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից: Հիշեցնենք, այդ ընթացքում Հայաստանում քաղաքացիական կյանքը բավական ակտիվ էր՝ «Էլեկտրիկ Երեւան», «Դեմ եմ», «Մաշտոցի պուրակ», տրանսպորտի թանկացման դեմ շարժումներ եւ այլն:
Հայկուհի Հարությունյանը կիսում է Արթուր Սաքունցի գնահատականները: Միայն հավելում է՝ նաեւ օրենսդրական առումով ենք հետընթաց ապրել: Իր գնահատմամբ, եթե նախկինում մարդու իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթեր էինք վավերացրել եւ իշխանությունը փորձում էր նաեւ որակական առումով դրանց հետեւել, հիմա դա էլ չկա: Իրավապաշտպանը վկայակոչում է «Ազգ բանակ» հայեցակարգը, որը համարում է մտքի, խղճի կրոնի առումով մարդու իրավունքների սահմանափակում, կառավարության նիստերի փակ լինելը՝ իբրեւ տեղեկատվության իրավունքի սահմանափակում եւ այլն: Հայտարարում է՝
ԵՄ -ՀՀ համաձայնագիրը, որը ներկայացվեց որպես ձեռքբերում, որակական առումով կարող է տեղաշարժ գրանցել, բայց դա այն փաստաթուղթը չէ, որ երկրի, նաեւ մարդու իրավունքների զարգացման առումով հիմքեր կձեւավորի, քանի որ այն էապես զիջում է 2013-ի չստորագրված փաստաթղթին:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն էլ է արձանագրում՝ անցած տասը տարիների ընթացքում քաղաքական, քաղաքացիական շարժումների ակտիվացմանը զուգահեռ մարդու իրավունքների խախտումներն ավելանում էին եւ Հայաստանն այժմ կայուն բացասական վիճակում է այդ առումով: Փոքր ինչ հակադրվում է գործընկերոջը՝ հավաքների, երթերի մասին լավ օրենսդրություն ունենք, բայց ոստիկանությունը գործում է ոչ թե օրենքի շրջանակում, այլ ըստ անհրաժեշտության, ըստ նրա, թե վերեւից ինչ հրահանգ կլինի: Ռոբերտ Ռեւազյանը հավելում է, որ փաստաբանների շնորհիվ ոստիկանների դեմ բավականին շատ հակընդդեմ հայցեր են ներկայացվել, ակտիվիստները շահել են, բայց դրան իրավական գնահատական չի հետեւել. ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել, բացառությամբ մեկ-երկու աղմկահարույց դեպքերի: Իսկ ոստիկանների դեմ հարուցված քրեական գործերը հիմնականում կարճվում էին: Հիշեցնում է՝ «Էլեկտրիկ Երեւան»-ի դեպքերով լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար միայն չորս ոստիկան է պատասխանատվության ենթարկվել, տուգանվել են: Ցուցարարների դեպքերով որեւէ արձագանք չկա, մինչդեռ փաստաբանի բնորոշմամբ, ոստիկանների գործողություններն առանձին դեպքերում խոշտանգումների էին նման: Լրագրողների մասով էլ, իր կարծիքով, ինչ-որ բան արվել է՝ ավելի շատ միջազգային կազմակերպություններին ցույց տալու համար: Ամփոփում է՝ ոստիկանությունում անպատժելիության մթնոլորտը ավելի է շատանում: Հիշեցնում է՝ 2016-ին, «Սասնա ծռերի» գործողությունների մասին տեղեկատվությունից հետո մարդիկ Ազատության հրապարակում էին հավաքվում, բայց ոստիկանությունն իր հերթին, ԱԱԾ-ն իր հերթին կանչում եւ մարդկանց «ինստրուկտաժ» էին անում:
Նա հիշեց նաեւ «Նախախորհրդարանի» Բերձորի դեպքերը, սեւազգեստ մայրերին քարշ տալով Բաղրամյան 26-ից դիմացի մայթ հեռացնելը: Ասում է՝ երբ իշխանության կորստի վտանգ կա՝ ամեն ինչ արվում է դա չեզոքացնելու համար:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հետեւություն է անում՝ իշխանությունն ասում է՝ ոչ միայն խնդիրը չենք լուծելու, այլ այդ խնդիրների դեմ ձեր բողոքն էլ թույլ չենք տալու. «Սա կոչվում է ավտորիտարիզմ»: Նկատում է, որ այժմ ընթացող ցույցերն ու երթերը միայն «Շանթ» հեռուստաընկերությունն է լուսաբանում. սա էլ խոսքի ազատության սահմանափակում է:
Առհասարակ, ըստ բանախոսների, մարդու իրավունքների սահմանափակումների մարտահրավերներն ավելանալու են, ինչին պետք է պատրաստ լինենք: Արթուր Սաքունցի կարծիքով, այս օրերին ընթացող բողոքներն էլ հիմքում ազատությունների համար պայքար են, ոչ միայն վարչապետի թեկնածուի դեմ եւ որեւէ մեկը չպետք է անտարբեր մնա: Իշխանության գործելակերպի ոճը շարունակվելու է եւ այդ է պատճառը, որ «Ֆրիդոմ Հաուսը» խնդիրների մի մասը կապել էր Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ