Հայտնել ենք Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված այդ դպրոցում եւ գյուղում տիրող լարված իրավիճակի, քվորումի բացակայության պատճառով ապրիլի 6-ին դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ չկայանալու մասին:
Այսօր`ապրիլի 12-ին, դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կրկին մրցույթ էր նշանակված: Առավոտյան, երբ մրցութային հանձնաժողովի նախագահ Ավագ Մխիթարյանը զանգահարել է մրցութային հանձնաժողովի անդամներին, նրանցից 3-ը հայտնել են, որ եթե մինչեւ ժամը 15-ը Նունե Օհանյանը չվերականգնվի դպրոցի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի եւ դպրոցի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում, իրենք մրցույթին չեն ներկայանալու: Մրցութային հանձնաժողովի նշված 3 անդամները, ինչպես ապրիլի 6-ին, մրցույթին չեն ներկայացել, քվորումի բացակայության պատճառով մրցույթը չի կայացել: Նունե Օհանյանը ներկայումս վերականգնված չէ պաշտոնում:
Վերին Կարմիրաղբյուրից հայտնեցին, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջուլհակյանի դիմումի հիման վրա Տավուշի մարզի դատախազությունը գրավոր հարցում է կատարել Տավուշի մարզպետարան այն մասին, թե մարզպետարանի ենթակայության տակ գործող Պառավաքար գյուղի բժշկական ամբուլատորիան իրավասո՞ւ է Նունե Օհանյանին՝ իր մորը խնամելու համար, բյուլետեն տրամադրելու, մարզպետարանը հարցմանը դրական է պատասխանել: Այդ տեղեկության իսկությունը ճշտելու համար զանգահարեցինք Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանին: Նա ասաց, որ Ա. Ջուլհակյանի դիմումի կապակցությամբ դատախազության որոշման մասին կհայտնվի դիմումատուին, նաեւ այն անձին, ում դա վերաբերում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ