Գործադիրը որոշել է ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 5-ը` շաբաթ օրը:
Կառավարությունը հաստատել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը: Այն կապահովի Հայաստանի Հանրապետության՝ ազդարարների պաշտպանության առումով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը և «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի լիարժեք գործողությունը: Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը: Բացի այդ, քննարկվող հարթակի ստեղծմամբ և գործարկմամբ կբարձրանա հանցագործությունների բացահայտման մակարդակը:
«Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի կազմակերպման և անցկացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը: 2010 թվականին մեկնարկած «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն` ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները հայտարարվում են ԱՊՀ երկրների կողմից կատարված առաջարկությունների հիման վրա` ըստ հերթականության յուրաքանչյուր պետություն առաջադրում է իր երկրի մայրաքաղաք չհանդիսացող մեկական քաղաք: Գորիսում՝ մշակութային ինքնարտահայտման տարբեր ձևաչափերի կիրառում թատերական, երաժշտական փառատոնների և մրցույթների, ստեղծագործական խմբերի հյուրախաղային շրջագայությունների իրականացումը, համաժողովների, թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպումը կնպաստի համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև Սյունիքի մարզում զբոսաշրջության ակտիվացմանը:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որն ուղղված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների կարգավորմանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է Բնակապահովման ծրագրի շրջանակում նախկին սեփականատերերին վերադարձնել կառուցապատողի կողմից ձեռքբերված թվով 232 տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ), ինչպես նաև ապահովել կառուցված 258 բնակելի տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ