Լրահոս
Օրվա լրահոսը

2008-ի մարտի 1-ից հետո մոտ 40 խոշոր հավաք է եղել եւ չկա հավաք, որի ընթացքում իշխանությունը չխախտեր մասնակիցների իրավունքները

Ապրիլ 12,2018 16:44

«Մարտի 1-ի պետական ահաբեկչությունից հետո Սերժ Սարգսյանը հավատարիմ մնաց պետական ահաբեկչության գործելաոճին, զարգացրեց այն եւ առանձին դեպքերում նույն ձեռագրով մոտեցավ քաղաքացիներին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը գնաց ազատությունների սահմանափակման ճանապարհով, որի գնահատականը տեսանք «Ֆրիդոմ Հաուսի» զեկույցում:

«Մեդիա կենտրոնում» այսօր իրավապաշտպաններն ամփոփում էին Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիները՝ խաղաղ հավաքների ընթացքում մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից:

Հիշեցնենք, այդ ընթացքում Հայաստանում քաղաքացիական կյանքը բավական ակտիվ էր՝  «Էլեկտրիկ Երեւան», «Դեմ եմ», «Մաշտոցի պուրակ», տրանսպորտի թանկացման դեմ շարժումներ եւ այլն:

Արթուր Սաքունցը հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարությունը սկսվեց հենց մարտիմեկյան ազատ հավաքների ժամանակ իշխանության կողմից զանգվածային հետապնդումներով եւ ապօրինի գործողություններով, այդ թվում քաղաքացիների նկատմամբ զինված ուժի կիրառմամբ, ինչի արդյունքում տասը զոհ ունեցանք:

Նկատում է՝ անցած տասը տարիների ընթացքում, իշխանություններից

այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց մինչ 2008 թվականի մարտի 1-ը եւ դրանից հետո խաղաղ հավաքների ժամանակ արձանագրված խայտառակ խախտումների համար: Ավելին, իշխանությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որի ձեռքում կենտրոնացած էին ուժային կառույցները եւ որն անհատական պատասխանատվություն ունի այդ մարմինների գործունեության համար, ամեն ինչ արեց, որ որեւէ մեկն այդ պատասխանատվությունը չկրի: Հիմնական պատասխանատուն, իրավապաշտպանը համարում է հենց Սերժ Սարգսյանին:

Արթուր Սաքունցի մոտավոր հաշվարկով 2008-ի մարտի 1-ից հետո մոտ 40 խոշոր հավաք է եղել եւ չկա հավաք, որի ընթացքում իշխանությունը չխախտեր մասնակիցների իրավունքները: Ասում է՝տարեց-տարի ավելանում էին ոստիկանության կողմից հավաքի մասնակիցներին ապօրինի կերպով ոստիկանական բաժին տանելու փաստերը: Կարծում է, որ դրա նպատակն էր՝ խոչընդոտել, որպեսզի մարդիկ չհասնեին ազատ հավաքի վայր:

Նա հիշեցնում է խաղաղ պայմաններում բանակում զոհվածների մայրերի ցույցը, որի ժամանակ սեւազգեստ կանայք բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից եւ որի համար ոչ մեկն այդպես էլ պատասխանատվություն չկրեց:

Իրավապաշտպանն արձանագրում է նաեւ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ոստիկանությունը զանգվածային միջոցառումների ժամանակ իր վարքագիծը չփոխեց՝ չնայած հատուկ կարգ ընդունվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Նաեւ հատուկ միջոցների կիրառման մասին կարգը չպահպանեց, որի կիրառումից, 2008-ի մարտի 1-ին, առնվազն չորս քաղաքացի էր մահացել: Օրինակ է բերում «Սասնա ծռերի» զինված հարձակման օրերին Սարի թաղում հատուկ միջոցների կիրառումը, որի հետեւանքով մեկ երիտասարդ աչքը կորցրեց:

Իրավապաշտպանը հիշեցնում է, որ բերման ենթարկված քաղաքացիների համար փաստաբանական եւ իրավական աջակցության խնդիրը չեն լուծել. «Մեծ դժկամություն էր դրսեւորվում, որ փաստաբանը մուտք գործի ոստիկանության բաժին եւ տեսակցեին իրենց պաշտպանյալի հետ»: Ասում է՝ ամենախայտառակ դեպքը 2016-ի հուլիսին, զինված ապստամբությանը զուգահեռ ընթացող խաղաղ ցույցից քաղաքացիների տեղափոխումն էր ներքին զորքերի զորամաս. դա զինվորական ծառայության զորամաս է եւ այնտեղ խայտառակ պայմաններում էին պահվել բերման ենթարկվածներին: Սա հիմք է տալիս նրան ենթադրել, որ բերման ենթարկվածների թիվն այնքան շատ էր, որ ոստիկանության ստորաբաժանումները չէին բավարարել: Հիշեցնում է նաեւ ընտրական գործընթացներում քարոզչության եւ նախընտրական հավաքների ժամանակ տեղի ունեցած միջադեպերը:

Ամփոփելով, իրավապաշտպանը նաեւ արձանագրում է, որ դատարաններն էլ արդար դատաքննություն չեն իրականացրել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30