Եվրասիական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացվող «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի շրջանակներում ապրիլի 12-ին անցկացվել է «Ժամանակակից լրագրությունը և քաղաքականությունը» թեմայով քննարկում։
Ելույթներով հանդես են եկել «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ներկայացուցիչ Սվետլանա Բաբաևան, Եվրասիական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Անդրեյ Ռուսակովը, «Звезда» հեռուստաընկերության լուրերի տնօրեն և հաղորդավար Ռեգինա Օրեխովան, Միջազգային հարցերով ռուսական խորհրդի ծրագրերի մենեջեր Եկատերինա Չիմիրիսը, ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը, լրագրող Լիա Խոջոյանը, Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը։ Փորձագետները տարբեր բուհերի լրագրության ֆակուլտետների և թեմայով հետաքրքրվող երիտասարդների համար ներկայացրին ժամանակակից լրագրության նրբությունները։
«Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ներկայացուցիչ Սվետլանա Բաբաևան իր խոսքում ընդգծեց, որ չափազանց կարևոր են լրագրողի փորձը, մասնագիտական հմտությունը, սակայն դա բավարար չէ լրատվական ծառայության համար։ Կարևոր են նաև խմբագրի դերն ու անմիջական հսկողությունը յուրաքանչյուր հոդված, լուր ընթերցելիս ու հավանություն տալիս։ Նա շեշտեց լրագրողի կողմից իրադարձության կարևոր կետերն առանձնացնելը, մտքերը հնարավորինս հակիրճ ներկայացնելը։ Բանախոսը ընդգծեց նաև սոցցանցերի դերը մեր կյանքում և դրանք ճիշտ օգտագործելը։
ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի գործադիր տնօրեն Հայկ Մամիջանյանը խոսեց քաղաքական բանավեճի հմտությունների, համոզման տեխնիկաների մասին։ Տվեց մի շարք խորհուրդներ, որոնք կարող են օգտագործվել բանավեճ վարելիս։
«Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, Ռազմավարական նախագծերի կենտրոնի և Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ «Կոնտեքստ» խորագրով հնգօրյա մեդիա-մարաթոնն անցկացվում է հայաստանյան բուհերի լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողների մասնակցությամբ։ Նրա խոսքով` երիտասարդներին հնարավորություն է տրվել շփվելու Հայաստանի և Ռուսաստանի մեդիադաշտի ներկայացուցիչների հետ, մասնագիտական քննարկումների ընթացքում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, պրակտիկ խորհուրդներ լսել։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փորձում է երիտասարդների համար հետաքրքրիր ծրագրերով հանդես գալ, և մենք մեր ռուս գործընկերների հետ ընտրեցինք այսպիսի ձևաչափ, որտեղ և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանյան մեդիադաշտի ներկայացուցիչների ներկայությամբ իրականացնում ենք քննարկումներ, դասընթացներ և փորձի փոխանակում: Այս օրերի ընթացում կարողացել ենք հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել թեմայով հետաքրքրվող և՛ ուսանողների, և՛ դասախոսների համար»,- ասաց Կարեն Ավագյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն