«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը բովանդակային առումով գրեթե ոչնչով չէր տարբերվում մեղադրական եզրակացությունից, դատավճիռը իր մեջ չէր պարունակում պատճառաբանություն, իրավական վերլուծություններ ու ապացույցների գնահատում, սահմանված կարգով նման բան չկար»,- այսօր «Հայացք» ակումբում դատավճռի մասին իրենց մտահոգությունները ներկայացրին Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ու գործով մյուս փաստաբաններ Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Եգորյանը:
Արայիկ Պապիկյանի խոսքով, դատավճռում իրենք տեսել են մեղադրական եզրակացությունը. «Ձեւի համար փոխվել էր, վերնագիրն էին փոխել, դարձրել դատավճիռ: Դատարանն իր կարեւորագույն գործառույթն էլ չէր կատարել ու առանց իրավական վերլուծությունների անձանց վերաբերյալ դատավճիռ էր կայացրել: Պատրաստվում ենք բողոքարկել դատավճիռը: Հասկանում ենք՝ Հայաստանում արդյունք չի տալու, սպառելու ենք հայաստանյան դատարանները, որ հնարավորություն ունենանք Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել, որտեղից ավելի մեծ ակնկալիքներ կան, քան Հայաստանի դատարաններից»:
Նա նաեւ ասաց, որ դատավճիռը հաստատեց պաշտպանների համոզմունքը, որ քաղաքական որոշում կար այս գործով. «Այդ որոշումը ստացանք փաստաթղթով, որովհետեւ կասկած չունեինք, որ քաղաքական հետապնդում է, կոնկրետ Սեֆիլյանի դեպքում իրականացվել էր ոչ թե իրավական գործընթաց , այլ քաղաքական շարժառիթների ու քաղաքական պատվերով իջեցված հրահանգ, նրան մեկուսացնել: Զարմանալի չէր, որ մինչ օրս դատավճռով այդպես էլ չկարողացանք հասկանալ մեղադրանքների էությունը, նրան մեկուսացնելու ժամանակ որոշում կայացնողներին ամենեւին չի հետաքրքրել հիմնավորումներ ու տրամաբանություն, ինչը պարզ էր ի սկզբանե»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ