Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիայում չի դադարում թուրքերի աղմուկը Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման շուրջ

Ապրիլ 12,2018 15:22

Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 13-ին բացվելիք հուշարձանի շուրջ թուրքական կողմի բարձրացրած աղմուկը չի դադարում: Ավելի վաղ նախաձեռնած դատավարություններից հետո այժմ էլ Շվեյցարիայում թուրքական ներկայացուցչությունները բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ հուշարձանի տեղադրմանը Ժնևի Թրեմբլե պուրակում:

Ակցիային ներկա են գտնվել թուրքական ազգայնական «Հայրենիք» (Vatan) կուսակցության փոխնախագահ Ալի Մերջանը, նույն կուսակցության Եվրոպայի ներկայացուցիչ Բեյհան Յըլդըրըմը, «Աթաթուրքի գաղափարների միություն» Բեռնի և Ցյուրիխի տարածքային կազմակերպությունների ղեկավար Էթհեմ Քայալըն և ուրիշներ: Թուրք ազգայնականները մամուլի համար հայտարարություն են արել՝ տեղեկացնելով, որ իրենք հուշարձանի տեղադրման հարցով հանդիպել են Ժնևից ընտրված պատգամավոր, շվեյցարացի հայտնի թուրքամետ գործիչ Իվ Նիդեգերի հետ: Նշվում է, որ հանդիպմանը թուրք գործիչները Նիդեգերի հետ քննարկել են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը նմանատիպ դեպքերի համար որպես նախադեպ կիրառելու հարցը:

Ալի Մերջանն ու Բեյհան Յըլդըրըմը հայտարարել են նաև, որ պատրաստվում են բոլոր այն քաղաքների դեմ դատական հայցեր ներկայացնել, որոնք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձաններ տեղադրելու թույլտվություններ են տրամադրել:

Դողու Փերինչեքի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության ղեկավարները տեղեկացրել են նաև, որ կուսակցությունը նախաձեռնություն է սկսում, որի նպատակն է՝

Ա. «Աշխատանքներ տանել տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումները չեղյալ հայտարարելու ուղղությամբ

Բ.Աշխատանքներ տանել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու վերաբերյալ որոշ երկրներում ընդունված օրենքները չեղարկելու կամ դրանք միայն Հոլոքոստի ժխտման դեպքում կիրառելու ուղղությամբ

Գ. Աշխատանքներ տանել ուսումնական ձեռնարկներից Հայոց ցեղասպանության մասին ծրագրերը հանելու ուղղությամբ

Դ. Աշխատանքներ տանել որևէ տեղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել թույլ չտալու ուղղությամբ»:

Այս ծրագիրն իրականացնելու համար ազգայնական կուսակցության ներկայացուցիչները Եվրոպայում բնակվող բոլոր թուրքերին ու թուրքական կազմակերպություններին միավորվելու կոչ են արել:

Աղբյուր`  Aydınlık.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30