Այսօր կառավարության դռնփակ նիստից հետո արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն անդրադառնալով «Ֆրիդմ հաուս» կազմակերպության զեկույցին՝ ասաց, որ թեեւ այն հեղինակավոր կազմակերպություն է, բայց նրա ոչ բոլոր զեկույցներն են բացարձակ անաչառ տպավորություն թողնում.
«Բայց, որպես կանոն, այնտեղ կային խորհելու հարցադրումներ: Սա առաջին անգամ է, որ ես լսում եմ «Ֆրիդմ հաուսի» զեկույց, որը արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը «Ֆրիդմ հաուսը», որպես կանոն, որդեգրել է: Եթե որեւէ մեկը ուշադիր ուսումնասիրի այս զեկույցը, ապա կարծում եմ, որ զարմանքով կհայտնաբերի իրար հակասող երբեմն դրույթներ, օրինակ՝ եթե Սերժ Սարգսյանը առաջադրվում է վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմի, եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա լռելյայն կառավարում գործադիր իշխանության, այսինքն՝ ձախ մի գնա, աջ մի գնա»:
Պարոն Հարությունյանը առաջարկեց ուսումնասիրել այդ զեկույցը՝ տեսնելու համար արդյոք մի տեղ հիշատակվո՞ւմ է, որ «Սասնա Ծռերը» իրականացրել են զինված հարձակում. «Գոնե մի տեղ, ինձ չհաջողվեց գտնել դա: Սա առաջին զեկույցն է «Ֆրիդմ հաուսի», որն արմատական շեղվել է դասական մեթոդաբանությունից»,-ասաց նա
Ինչ վերաբերում է կառավարության նիստերը դռնփակ անելու որոշմանը, պարոն Հարությունյանը, որպես հիմնավորում, նշեց, որ այսօր նիստը տեւել է ավելին, քան նախորդ անգամները, երբ դռնբաց էր լինում. «Որպես կանոն, կես ժամ տևող նիստը տևել է մեկուկես ժամ, կարծում եմ, որ սա խոսուն հանգամանք է, որի մասին կարելի է խորհել»,- ասաց նա: Ըստ նրա, արդարացված են նիստերը դռնփակ անելը, քանի որ դրա վառ ապացույցն այսօրվա նիստն էր՝ բովանդակային հարցադրումների առումով:
Նա նաեւ ներկայացրեց նիստի օրակարգից իր գերատեսչությանն առնչվող նախագիծը, որն առնչվում էր «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի փոփոխություններին: Ըստ նրա, այդ օրենսգիրքը մեր օրենսդրական դաշտի «վերջին մոհիկանն» է «Այն ողջ է 1985 թվականից, որը սկզբունքորեն բացարձակ չի համապատասխանում մեր իրավական դաշտին: Օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ նոր դրույթներ, փորձել ենք համահունչ դարձնել նոր սահմանադրական դրույթներին»: Նա նաեւ հայտնեց, որ օրենսգիրքը ուժի մեջ կդրվի հունվարի մեկից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ